“Տաշիրը”` գիտնականներին
Այսօր տեղի ունեցավ “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած գիտական լրագրության և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը:
Մրցույթները հովանավորվում են “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից: Գումարային մրցանակներ ստացան գիտական լրագրության մրցույթի 11 և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթի 95 հաղթողներ:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ <գիտության ոլորտում ևս Կարեն և Սամվել Կարապետյանները տարիներ շարունակ իրենց աջակցությունն են բերել ամենատարբեր ծրագրերում` խնդիր ունենալով թե խրախուսել մեր գիտության մշակներին, թե այսպիսով նաև աջակցել մեր պետությանը”:
Նրա խոսքերով՝ Կարապետյանների ընտանիքի համար կարևորագույն նշանակություն ունի մարդկային ռեսուսի ակտիվացումն ու կիրառումը` ի շահ մեր երկրի, մեր պետության ու մեր ժողովրդի:
“Սամվել և Կարեն Կարապետյանների համար գլխավոր կրեդո է հնարավորինս աջակցել մտավոր ներուժի ակտիվացմանը, անել ամեն բան, որ ՀՀ-ն չդառնա մտավոր ներուժն արտահանող երկիր:
Բոլորիս խնդիրն է առավելագույնս նպաստել ոչ միայն մեր գիտական ներուժի պահպանմանն ու նրանց հնարավորությունների լիարժեք կիրառմանը, այլև արտերկրում կրթություն ստացած մեր հայրենակիցների վերադարձին”, -նշեց Արտակ Ճաղարյանը՝ հավելելով, որ առանձնակի վերաբերմունք է դրսևորվել Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումների հղումներ ունեցող գիտնականների հանդեպ.
“Եվ հետագայում էլ այս թեման միջազգային հարթակներում պատշաճ մակարդակով բարձրացնող մեր գիտնականները լինելու են “Տաշիր” բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում”:
Նախաձեռնության ներկայացուցիչներ, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, “Արմակադ” ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը մեծապես կարևորեցին անհատների ներգրավումը գիտնականներին խրախուսելու գործում:
Նրանք բարձր գնահատեցին Կարապետյանների համագործակցությունը նախաձեռնության հետ և պատրաստակամությունը՝ ֆինանսավորել նման ծրագրերը: