Բացվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի կիսանդրին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի բակում բացվել է արևմտահայ բանաստեղծի կիսանդրին: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կիսանդրու տեղադրմանն աջակցած Աննա Քոչարյանին և դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանին: Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Սիամանթոյի ստեղծագործություններից: Կրթօջախի երգչախումբն էլ կատարել է Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ» և «Սրինգ» բանաստեղծությունների հիման վրա Դանիել Երաժշտի կողմից գրված երգերը: Կրթօջախի հյուրերն ու համակազմը ծաղիկներ են խոնարհել Սիամանթոյի կիսանդրուն՝ հարգանքի տուրք մատուցելով բանաստեղծի հիշատակին:
Ներկաներին ուղղված իր խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նկատել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքում իր առանձնահատուկ խորհուրդն ունի նաև Մեծ եղեռնի զոհ դարձած արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի կիսանդրու բացումը:
«Քանդակն իսկապես շատ տպավորիչ է: Արևմտահայ խոշորագույն պոետի ոգին, որ մարմնավորված է այս քանդակում, միևնույն ժամանակ արտացոլում է Պոլսո մշակույթի ամբողջականությունը, որովհետև նրան նայելով՝ մենք, անշուշտ, նաև վերհիշելու ենք մյուս բոլոր մտավորականներին, ովքեր ևս դարձան եղերական 1915-ի անմեղ նահատակները: Սիամանթոյի այս քանդակը՝ նրա իսկ բանաստեղծական ոգով, մշտապես ամենքիս ու հատկապես այս հրաշալի երեխաների մեջ մեր արդար պահանջն է արթնացնելու, որ փոխանցվելու է սերնդեսերունդ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Հարկ է նշել, որ Սիամանթոյի կիսանդրու հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը՝ Հայկ Ասատրյանը: