ՕԵԿ-ում` կադրերի ջարդ. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն էր, ազատվել է աշխատանքից:
Թերթին հասած լուրերով, աշխատանքից ազատելը պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ օգտին նրա եւ իր եղբոր՝ Էդուարդ Մադաթյանի կատարած աշխատանքով ու ապահոված արդյունքներով:
ՕԵԿ-ում ակնկալիքներ ունեին, որ հատկապես Էրեբունի համայնքում Մադաթյանները կուսակցության համար մեծ թվով ձայներ կբերեն, սակայն սպասելիքները չեն արդարացել:
Էդուարդ Մադաթյանը երեկ չպատասխանեց թերթի հարցերին, ասաց, որ Հայաստանում չէ: ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հաստատեց մեր տեղեկությունը, թե Գրիգոր Մադաթյանը մայիսի 11-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ “այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով”, իսկ մայիսի 14-ին ազատվել է աշխատանքից: Ի դեպ, Է. Մադաթյանն ու Արմեն Երիցյանը բավական ջերմ ընկերական հարաբերություններ ունեն կամ՝ ունեին: