29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն Հունաստանում

Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ապրիլի 3-ին կայացավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը, որին ներկա էին Հունաստանի խորհրդարանի անդամներ, նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սալոնիկի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ: Ներկայացվեցին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Արթուր Ահարոնյանի հոգևոր, ժողովրդական, ժամանակակից ստեղծագործությունները, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների դասական և արդի երկեր:

Ելույթների ավարտից հետո ունեցած իր ողջույնի խոսքում հայտնի դաշնակահար, «Մեգարոն» համերգային համալիրի գեղարվեստական ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Ջորջ Էմմանուել Լազարիդիսը մասնավորապես նշեց. «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համերգին գտնվելն օրհնություն էր ինձ համար: Այն արվեստը, որ իրենք ստեղծում են, բարձրագույն մակարդակի է: Շատ հազվադեպ է հնարավոր լինում լսել այս մակարդակի, նման նվիրվածության, ոգեշնչվածության երգչախմբային կատարումներ: Սա ոչ միայն երգչախմբային երաժշտության լավագույն համերգն է, որ լսել եմ կյանքիս ընթացքում, այլև մեծ դպրոց նախևառաջ ինձ համար և այն բոլոր մարդկանց համար, ովքեր լսեցին իրենց այսօր, ովքեր կարիք ունեն լսելու այս երգչախումբն ու փոխելու իրականությունը»:

Ապրիլի 4-ին և 5-ին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը վարպետաց դասեր անցկացրեց փառատոնին մասնակից ութ հունական երգչախմբերի հետ:

Ապրիլի 6-ին կայացավ փառատոնի եզրափակիչ համերգը` մասնակից երգչախմբերի մասնակցությամբ և Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբերը հանդես եկան յուրաքանչյուրն իր ծրագրով: Համերգի ավարտին երգչախմբերի թվով 550 սաները կատարեցին մի քանի ստեղծագործություն, այդ թվում՝ Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի Երևան» և Ստեփան Շաքարյանի «Մուշ» խմբերգերը:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումները և մաեստրո Հեքեքյանի աշխատանքը բարձր գնահատանքի արժանացան հույն արվեստագետների և հանդիսատեսի կողմից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ