Գայանե Գասպարյանին կընտրեն Բրյուսովի համալսարանի ռեկտոր
Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրություններ են, որոնք փակ են լինելու լուսաբանման համար:
Ընտրությունը կմեկնարկի ժամը 13:30-ին: Ավարտից հետո համալսարանի պաշտոնական կայքէջում տեղեկություն կլինի ընտրության արդյունքների մասին:
Ռեկտորի թափուր պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը եւ Վաղարշակ Մադոյանը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին Սուրեն Զոլյանի լիազորությունները համալսարանի ռեկտորի պաշտոնում:
Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարել է, որ նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում: Նա վաղը պատրաստվում է ասուլիս հրավիրել:
Իսկ այսօր ԵՊԼՀ-ն նոր ռեկտոր կընտրի: Henaran.am-ի լավատեսյակ աղբյուրները փոխանցում են, որ համալսարանում մթնոլորտը բավական խաղաղ է, այստեղ կիսամյակային արդյունքների ամփոփման եռուզեռ է: Ռեկտորի ընտրության հետ կապված որեւէ լարվածություն չկա:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ ռեկտոր կընտրվի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, ով համարվում է տեղի կադր. նա Զոլյանի ռեկտորության տարիներին որոշ ժամանակ պրոռեկտոր է եղել, ապա ամբիոնի վարիչ, թեեւ որոշ ժամանակ նախկին ռեկտորի հետ լարված հարաբերությունների հետեւանքով հեռացել է բուհից, սակայն քիչ անց կրկին դասավանդել է: Գայանե Գասպարյանը համարվում է կոմպրոմիսային տարբերակ, ում հանդեպ կոլեկտիվում ընդվզում չկա: