Որ ասում են՝ չափից շատ եք էժան եք ու պրիմիտիվ՝ ճիշտ եմ ասում․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Մի ձեռքով այծի, ինչպես ասում են, վիզը գուրգուրել, իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել»․ Սիրանո դը Բերժերակի աշխարհառչակ այս նախադասությունը բնորոշում է այն գործընթացները, որոնք այսօր իրականացնում է փաշինյանական իշխանությունը։ Սկզբնական տարբերակով նախ ստեղծում են «պռոբլեմ», հետո այն «քաջաբար» հաղթահարում են ու «թուրը» փառքով դնում պատյանը։
Վերջին երկու օրերին տեղի ունեցող այս զավեշտալի ու մարազմատիկ դրվագները ասվածի հավաքական բնորոշումն են։ Ըստ էության՝ և՛ ջրանջատումների հետ կապված պրիմիտիվ բլեֆը, և՛ մինչ այդ էլ կենսաթոշակների շուրջ ստեղծված շոուն ցույց են տալիս իշխանությունների ողջ «հմայքն ու մերկությունը»։
Գրեթե կասկած չունեմ, որ ընտրություններին ընդառաջ էլ ավելի «գեղագիտական» ու «գեղարվեստական» բեմադրությունների ենք ականատես լինելու՝ նայած, թե «բեմադրող ռեժիսյորը» ֆանտազիայի ինչ չափաբաժին է նախատեսում մասսաների համար։
Ակամայից սա հիշեցնում է Դեմիրճյանի հայտնի հերոսին, ում բախտը, իր առաջ ընկած գնալով, հասցրել էր թագավորի գահին, և նա էլ ինքնամոռաց հրամաններ էր տալիս, թե թող գետերը հոսեն վերից վար, լեռները ձորերից բարձր լինեն, գետն երկու ափ ունենա, արևն էլ արևելքից դուրս գա՝ արևմուտքում մայր մտնի։ Դե իսկ «գյադեքն» էլ, գլուխները կախ, «էս կռնից՝ էն կուռն էին» անցնում։
Որ ասում են՝ չափից շատ եք էժան եք ու պրիմիտիվ՝ ճիշտ եմ ասում»:










































