Երեխաները գեղանկարչական գործերի միջոցով ներկայացնում են Հայոց ցեղասպանությունը
«Ցեղասպանության բնութագրումը մշակույթի միջոցով» ծրագրի շրջանակներում Սիսիանի գեղարվեստի դպրոցի 30-ից ավելի սաների հնարավորություն է տրվել ստեղծագործական մոտեցումներով արտահայտել իրենց պատկերացումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Սիսիանի գեղարվեստի դպրոցի սաներին սովորեցնել մշակույթի միջոցով ներկայացնել ցեղասպանության թեման:
Նրանց մասնակցությամբ և մասնագետի օգնությամբ մարտից ստեղծվում են Հայոց ցեղասպանությունը ներկայացնող աշխատանքներ, որոնցից լավագույնները կցուցադրվեն Սիսիանի գեղարվեստի դպրոցի ցուցասրահում:
Նշենք, որ մասնակիցներին նախ ներկայացվել է տեսաֆիլմ` ցեղասպանության թեմային վերաբերող մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործությունների և դրանց դերի մասին: Այնուհետև նկարիչ-քանդակագործ Աշոտ Ավագյանը շուրջ մեկ շաբաթ դասընթացներ է անցկացրել աշակերտների հետ: Աշոտ Ավագյանը նշեց, որ հիմնականում գեղանկարչության ոլորտում են երեխաներին տրամադրվել գիտելիքներ: Գեղանկարիչը նկատեց, որ սկզբում երեխաները հիմնականում կարծրատիպային մոտեցումներով էին նկարում. ասենք, երբ նրանց Հայոց ցեղասպանության թեմատիկայով հանձնարարություն է տրվել, նկարել են վառվող եկեղեցի, մահացած մարդիկ: Աշոտ Ավագյանի տեղեկացմամբ` այս խնդիրը հաղթահարելու ուղղությամբ բազում աշխատանքներ են տարվել. «Մենք փորձեցինք Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ մշակույթի ներկայացուցիչների գործերի միջոցով օրինակ` Սուրենյանց, Այվազովսկի, Ժանսեմ, Կոմիտաս, Վարուժան, երեխաներին ներկայացնել այդ թեման: Նրանք մի տեսակ զարմացած էին, թե ո՞նց է, որ մահացած մարդիկ այդ գործերում չկան»: Աշոտ Ավագյանը նշեց, որ բացատրական աշխատանքներից հետո երեխաների պատկերացումն այս թեմայի վերաբերյալ փոխվել է. ծանոթացել են ֆիդայական շարժմանը, հայերի դիմադրություններին¸ Հայոց Գոյամարտին: Խոսելով այն մասին, թե ինչ շեշտադրումներ են կատարել երեխաների հետ տարվող աշխատանքներում` պարոն Ավագյանը նշեց. «Լալկանությունը ավագ սերնդից փոխանցվել է կրտսերներին: Ուստի մենք առաջին հերթին շեշտադրումներ ենք արել, որ երեխաներն իրենց աշխատանքներում ավելի լուսավոր գույներ օգտագործեն, ներկայացնեն նաև գաղթի, պայքարի տեսարաններ, ցույց տան, որ կյանքը շարունակվում է»: Նշենք, որ ծրագրին մասնակցած աշակերտները կստանան խրախուսական պատվոգրեր, մրցանակներ, իսկ լավագույն 20 սան հնարավորություն կստանա այցելել Ծիծեռնակաբերդ, այնուհետև Ազգային պատկերասրահ, որտեղ մասնագետ-ուղեկցողը նրանց կներկայացնի պատկերասրահում պահվող արվեստի նմուշները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112
E-mail: [email protected]
http://heh.am/