Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղ երկիրն է. Global Peace Index
Տնտեսության եւ խաղաղության ավստրալական ինստիտուտը 6-րդ անգամ հրապարակել է “Global Peace Index” համաշխարհային խաղաղության աղյուսակը: 2 տարվա ընթացքում առաջին անգամ աղյուսակը աշխարհի դրության բարելավում է ցույց տվել` չնայած Մերձավոր Արեւելքի սուր ճգնաժամին:
Աղյուսակում հայտնվել են 158 երկիր: Մասնագետները հաշվի են առել 23 գործոն, որոնց թվում` քաղաքացիների տեսակետների ազատ արտահայտումը, ներգրավվածությունը զինված հակամարտությունների մեջ, հարաբերությունները հարեւան երկրների հետ, ռազմական ծախսերը, հանցավորության մակարդակը, բանտարկյալների քանակը, ահաբեկչությունների քանակը, “քաղաքական ահաբեկչությունը” եւ այլն:
Ամենախաղաղ եւ հանգիստ երկիրը մասնագետները հռչակել են Իսլանդիան: Առաջատարների տասնյակում են նաեւ, Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ճապոնիան , Ավստրիան, Իռլանդիան, Սլովենիան, Ֆինլանդիան եւ Շվեյցարիան: Ամենակտրուկ անկումն այս տարի գրանցել է Սիրիան` միանգամից 30 հորիզոնականով իջնելով: Ամենակտրուկ աճը գրանցել է Շրի Լանկան, որտեղ ավարտվել է քաղաքացիական պատերազմը: Վերջին տասնյակում են հայտնվել Պակիստանը, Իսրայելը, ՀԱՀ-ը, Կորեան, Ռուսաստանը, Կոնգոն, Իրաքը, Սուդանը, Աֆղանստանը եւ Սոմալին:
Հայաստանը 115-րդ տեղում եւ անցյալ տարվա համեմատությամբ` իր դիրքերը զիջել է 5 կետով: Չնայած այս ցուցանիշով էլ այն տարածաշրջանի ամենախաղաղ երկիրն է: Թուրքիան զբաղեցնում է 130-րդ տեղը, Ադրբեջանը` 132-րդ: Վերջինս նախորդ տարվա համեմատությամբ իր դիրքերը զիջել է 9 կետով: