«ԵԽԽՎ-ն չարաչար սխալվել է»
«Երկու հանգաման պետք է առաջնացնենք, առաջին, որ Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գոյություն ունեցող ձևաչափը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ոչ միայն արտահայտում է միջազգային հանրության միջնորդական կարծիքը և համատեղում է միջնորդական ջանքերը, այլև դա միակ մասնագիտացված կառույցն է՝ իր ընթացակարգերով, տեղեկությունների պաշարով և այլն»,-Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմայանն՝ արձագանքելով ԵԽԽՎ նախագահի երեկվա կոչին:
«Ուստի և զուտ մասնագիտացվածության բերումով ավելի հանգամանորեն է տիրապետում հակամարտության բոլոր նրբին ելևէջներին ու իրողություններին»:
Հիշեցնենք, որ Անն Բրասերն երեկ Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ հայկական կողմն ակտիվորեն կնպատի ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մշակման գործընթացին: ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» սկանդալային զեկույցի հեղինակն է, պետք է այցելի ՀՀ, Ղարաբաղ ու Ադրբեջան՝ հիշյալ զեկույցը կազմելու, սակայն ԼՂՀ-ն բոյկոտում է վերջինիս այցը պայմանով, որ պիտի փոփոխվի զեկույցի վերնագիրը:
Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ ոչ միայն ԵԽԽՎ-ի կողմից նման զեկույց կազմելու որոշումը, այլ նաև միջազգային մակարդակներում որևէ փորձ, որն ուղղված է հակամարտության կարգավորման քննարկումները զուգահեռ այլ հարթակներ տեղափոխելուն, ոչ թե օգնում են հակամարտության կարգավորմանն, այլ կարող են վնասել այդ գործընթացին: «Այդ բրիտանացի պարոնն, ով նշանակված է որպես զեկուցող, հայտնի է իր ոչ միանշանակ վերաբերմունքով ու ոչ ամբողջական իրազեկվածությամբ՝ կապված հակամարտության հետ, և դրա ամենակարևոր վկայականը պաշտոնական Բաքվի կողմից նրա հասցեին արված դրվատանքի խոսքերն են»:
Բացի այդ պատգամավորն ընդգծեց, որ որևէ նման զեկույց դատապարտված է անհաջողության, եթե այդ զեկույցի հեղինակներն իրենք չեն հանդիպում Լեռնային ղարաբաղի հասարակության, իշխանության ներկայացուցչների հետ: Ըստ նրա՝ զեկուցողի կողմից ճիշտ որոշում է այցելել ԼՂՀ, թեպետ նա հավատացած է, որ ամբողջության մեջ սա իզուր, պարապ նախաձեռնություն է: «Եվ ԵԽԽՎ-ն, որքան էլ հարգված միջազգային միջխորհրդարանական կազմակերպություն է, չարաչար սխալվել է իր այս որոշման հարցում: Մենք էլ որպես պետություն պետք է արդեն համակերպված լինենք, իհարկե աշխատել այդ ուղությամբ, բայց նման իրողությունները շատ ցավագին չընդունել, որովհետև այնպես չէ, որ ԵԽԽՎ որոշումներով կարգավորվելու է ԼՂ հակամարտության խնդիրը»:
Պատգամավորի կարծիքով՝ պետք չէ ամբողջ աշխարհի զարգացումների մեջ փնտրել հայկական կողմի մեղքը, աշխարհում տարբեր շահեր կան, սակայն հայկական կողմը պիտի փորձի բացատրել, որ սրանք օգուտ չեն բերում հակամարտության խնդրին: Ֆարմանյանի խոսքով՝ նման նախաձեռնությունների մասին խոսելիս պետք է զգացմունքային չլինել ու շարունակել մեր գործողությունները խաղաղության պահպանման ուղղությամբ: