ԱԱԾ-ն մանրամասնում է ՛՛Սիվիլիթասի՛՛ գործը
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված ՛՛Պոլիմեր Մատերիալս՛՛ և ՛՛Հանթսման Ինթերնեյշնլ՛՛ կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված ՛՛Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս՛՛ ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
Բացի այդ, ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամը խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում ՛՛Պոլիմեր Մատերիալս՛՛ և ՛՛Հանթսման Ինթերնեյշնլ՛՛ կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել:
Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն