Առաջարկում են կալանավորներին տեղափոխել սահմանամերձ բնակավայրեր
Կոնկրետ գործով նպաստել սահմանամերձ բնակավայրերի վերականգնմանը. նման կոչ են հղում հրապարակախոս Բակուր Կարապետյանը եւ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը`առաջարկելով հայկական գյուղերի փրկության ծրագիր: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Բակուր Կարապետյանը նշեց, որ գյուղական բնակավայրերից աշխատուժի համատարած արտագաղթի պատճառը աշխատատեղերի ու եկամտի աղբյուրի բացակայությունն է:
Այդ հանգամանքը հաշվի առնելով, նախաձեռնող խմբի անդամներն առաջարկում են ՛՛ժողովրդի համար առաջին հերթին սեփական աշխատանքով ապրուստի հնարավորություն ստեղծել՛՛, ինչը կարող են անել Սփյուռքի, Ռուսաստանի եւ հայաստանցի ներդրողները.
‘Տվյալ համայնքը պետք է իր հնարավորության սահմաններում պայմանագրով իրեն կցված բնակավայրում կամ գյուղական ենթաշրջանում, ըստ տեղի ռեսուրսների, համայնքի հետ համագործակցելով՝ հիմնի համապատասխան արտադրություններ, որից կունենա իր շահույթը: Ստեղծվեն մսի, կաթի, կաշվի, բրդի, մորթու, մրգի, պտուղ-բանջարեղենի ընդունման կետեր ու վերամշակող արտադրություններ”:
Մտավորականների համոզմամբ, այս ծրագրի մաս կարող են կազմել կալանավայրերի` հասարակության համար վտանգ չներկայացնող կալանավորներին իրենց ընտանիքներով սահմանամերձ բնակավայրեր տեղափոխելը:
Խմբի անդամների հաշվարկներով՝ 4 կալանավորներից 1-ը հասարակության համար վտանգ չի ներկայացնում: