Արդեն Ամասիայի Շաղիկ գյուղի բնակչի համար էլ է պարզ ամեն բան․ Խաչատրյան

ՀՀԿ խորհդրի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե նախկինում որևէ միամիտ կարծում էր, թե այս իշխանություններն անփորձ են, պարզապես չեն կողմնորոշվում իրենց առաջնահերթություններում, հաճախ էլ տգիտության պատճառով են վնասում կամ չեն օգտագործում այն պոտենցիալը, որն առկա է բազմաթիվ կառույցներում կամ անհատների մեջ, ապա հիմա արդեն Ամասիայի Շաղիկ գյուղի բնակչի համար էլ է պարզ ամեն բան:
Այս իշխանությունները շատ լավ էլ հասկանում են՝ ինչ են անում, և նրանց գործողություններն ակնհայտորեն միտումնավոր են, հաշվարկված՝ քանդելու, թուլացնելու, տակնուվրա անելու երկրի հիմնարար կառույցները։
Ի՞նչու մի ղեկավար, որն արդեն բոլոր ոլորտներում իր տգետների հետ միասին տապալում է արձանագրել, և ուժեղացնելու փոխարեն միայն թուլացրել է համակարգերը, հիմա ատամները սրել հասել է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Միթե Եկեղեցու գործոնը նշանակալի չէ՝ ոչ միայն ներպետական, այլ հատկապես արտաքին հարաբերություններում՝ ազգային շահերը պաշտպանելու, որոշ հարցերում պետականությունից դուրս հանդես գալու, դիվանագիտական որոշակի հավասարակշռություն ստեղծելու տեսանկյունից։
Չե՞ն գիտակցում իշխանություններն այս ամենի հետևանքները։ Իհարկե գիտակցում են: Պարզապես իրենց նպատակն է դաշտում թողնել միայն իրենց՝ առանց ուժեղ, ազդեցիկ հաստատությունների, առանց ազգային դիմադրողականության։
Նման պարագայում իրենց շատ ավելի հեշտ կլինի առաջ տանել թուրք-ադրբեջանական օրակարգը՝ առանց ներքին հակակշիռների, առանց դիմադրողականության: Սա է, այլ բան չկա…»։