ՀՀԿ-ն մշտապես ապացուցել է, որ ունի երկրի փրկության, երկիրն ազատագրելու միակ եւ անխախտ օրակարգ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն, որ մեր երկիրը օկուպացված է ներսից, ակնհայտ է, այլեւս որեւէ մեկը չի կասկածում, որ մեր պետականության համար պայքարը ազգային-ազատագրական պայքար է եւ, այդ պայքարում կրավորական կեցվածք ընդունելը խիստ վտանգավոր է եւ պատիվ չի կարող բերել որեւէ քաղաքական ուժի կամ անհատի, ուստի, այս պայքարին մենք պարտավոր ենք տալ ամեն ինչ՝ ջանք, էներգիա, ուժ, համառություն, նվիրվածություն, անսասան հավատ, որ կարող ենք, պարտավոր ենք պայքարել եւ ոչ՝ ձեռքներս ծալած նստել, սպասելով հերթական ընտրությունների։ Քաղաքական ուժը պարտավոր է ունենալ քաղաքական օրակարգ։
ՀՀԿ-ն մշտապես ապացուցել է, որ ունի երկրի փրկության, երկիրն ազատագրելու միակ եւ անխախտ օրակարգ եւ անցած յոթը տարիներին ապացուցել է սա, լինելով պայքարի առաջնագծում։ Այսօր եւս ՀՀԿ-ն ապացուցեց, որ չի համակերպվել եւ չի համակերպվելու այս կապիտուլյանտ-դավաճան «իշխանությունների» գոյությանը։ Գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը սահմանադրական այն ճանապարհն է, որը, այո, ճիշտ ռազմավարության, գործընկերների ազնիվ մղումների առկայության եւ համառության շնորհիվ կարող է դառնալ այս չարիքի վերջի սկիզբը։
Ինքս անձամբ շատ կարեւորում եմ ՀՀԿ Գործադիր Մարմնի որոշումը, մեր որոշումը՝ հանձնարարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանը ՀՀԿ խորհրդից ընտրել անցումային շրջանի համար վարչապետի արժանի թեկնածու, կանգնել նրա կողքին, սատարել եւ գործընթացը տանել դեպի հաղթական ավարտ։
Հուսամ, մեր ընդդիմադիր մյուս գործընկերները, մասնավորապես, <Հայաստան> խմբակցությունը եւս գնահատում է պահի լրջությունը եւ կկարողանա վեր կանգնել ինչ-ինչ մտքերից եւ կմիանա այս գործին։
Բոլորիս մաղթում եմ սառը դատողություն, կամք, համերաշխություն, դիմադրողականություն եւ հավատ, որ այս գործընթացը հաջողելու է։
Այո, լինելու է դժվար, ցավոտ, լինելու է անսպասելի վայրիվերումներով, բայց՝ ԼԻՆԵԼՈՒ է․․․»։