Դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի հետ
Հունիսի 12-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարեւորեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011-ին Երեւանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը ընդգծեց նաեւ այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Պարոն Գուտյերեսը նշեց իր եւ գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում եւ հաստատեց գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում: