24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօրվա ուղերձում Նիկոլը հնարավոր բոլոր ձևերով փորձում էր շրջանցել «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը․ Հովասափյան

ՀՀԿ խորհդրի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գուցե այսօր շատերը հայտարարեն, որ Ապրիլ 24-ին քաղաքական տեքստեր ու հայտարարություններ անել չի կարելի, թե պետք է «հարգել օրվա խորհուրդը» և այլ նմանօրինակ պաթետիկ պնդումներ առաջ քաշեն, բայց ես այդ տեսակետին համակարծիք չեմ։ Ճիշտ հակառակը՝ հենց այս օրը պետք է հնչի քաղաքական խոսք, հստակ դիրքորոշում, որովհետև ցեղասպանությունների մասին լռությունը հենց դրանց շարունակությունն է։ Մենք պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտությունը՝ ոչ միայն հարգելու համար զոհերի հիշատակը, այլ նաև կանխելու նման չարիքի կրկնությունը։

Օրվա խորհուրդը բոլորիս ակամայից տանում է 110 տարի հետ՝ և ամեն իրեն հայ համարող մարդ խորհում է՝ ինչո՞ւ տեղի ունեցավ ցեղասպանությունը և ի՞նչ պետք է անել, որ այն երբեք չկրկնվի։ Ես ինքս այդ հարցը տարիներ շարունակ տվել եմ ինձ՝ փորձելով հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր նման բան կազմակերպվել, և ինչո՞ւ այն ժամանակ չկարողացան կանխել։ Այդ հարցիս պատասխանն ստացա 2023-ին՝ երբ Արցախում տեղի ունեցավ հայի երկրորդ ցեղասպանությունը։
Եթե 1915-ին հայը չուներ պետություն, չկային ինստիտուտներ ու պետական ղեկավարներ, որոնք կարող էին կազմակերպել համակարգված դիմադրություն, ապա 2023-ին կար հայկական պետություն։ Բայց այդ պետության ղեկավարը՝ թրքահպատակ մի անձ, լուռ ու հանդուրժող հայացքով նայում էր հայասպանության տեսարաններին և հայտարարում, թե «Հայաստանին ուզում են ներքաշել նոր պատերազմի մեջ, և մենք չենք տրվի այդ սադրանքին»։ Իսկ հետո՝ փրփուրը բերանին հոխորտում, թե՝ «որոշ ուժեր Հայաստանում ձեռքերն էին շփում՝ մեզ տանել արկածախնդրության»։ Այո՛, այդ խոսքերը ասողը հայ է, ասեմ ավելին՝ արդեն յոթ տարի ղեկավարում է այն պետությունը, որտեղ ապաստանել են ցեղասպանությունից մազապուրծ փրկվածները։
110 տարի առաջ երիտթուրք դահիճներն իրենց ամենավարդագույ երազում անգամ չէին պատկերացնի, որ մի օր պատմության մեջ կհայտնվի այնպիսի հայ պետական գործիչ, որը ոչ միայն կվերարտադրի իրենց նարատիվները, այլև կդառնա պանթուրքիզմի ծրագրի սպասարկողը։ Այսօր մենք ապրում ենք հենց այդ իրականության մեջ։
Այսօրվա ուղերձում Նիկոլը հնարավոր բոլոր ձևերով փորձում էր շրջանցել «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործելով ընդամենը մեկ անգամ, հիմնականում նախընտրելով «Մեծ Եղեռն» ձևակերպումը։ Ու եթե նույնիսկ ձևը տեղ-տեղ պահպանված էր, բովանդակությունը՝ դատարկ էր ու անատամ, չկար ո՛չ հստակ դատապարտում, ո՛չ պահանջատիրություն, ո՛չ էլ դիրքորոշում՝ որպես մի պետության ղեկավար, որի գոյությունն իսկ պարտավորեցնում է լինել 1.5 միլիոն սրբադասված նահատակների ժառանգորդն ու պաշտպանողը։ Փոխարենը՝ հերթական անգամ հնչեցին «խաղաղության օրակարգից», «սահմանազատված սահմանից» և «հայ մարդու ջանքից ու աշխատանքից» խոսող հարթ ու հղկված, բայց ներքուստ դատարկ ձևակերպումներ։
Խոսքս ամփոփեմ կարևոր մի զուգահեռով.1915-ին, երբ Էրզրումում ու Տրապիզոնում հայերին մորթում ու քառատում էին, երեխաներին ողջ-ողջ թաղում, կանանց բռնաբարում, Պոլսում հայ էլիտան, երիտթուրք դահճապետերի հետ կողք կողքի նստած նարդի ու պոկեր էր խաղում սրճարաններում, որոնք մի քանի օր անց դարձան նրանց դահիճները։ Այսօր մենք նույն բովանդակային իրավիճակում ենք. չկա Արցախը, Սյունիքը թիրախի տակ է, Տավուշը՝ հերթում, ՀՀ-ից 200 քառակուսի կիլոմետր հող զիջվում է թշնամուն, սահմանին կրակում են ամեն օր։ Իսկ Երևանում՝ սրճարաններում մարդիկ «Դե նվագեք զուռնաչիներ»-ի տակ ինքնամոռաց պարում են. Նիկոլն էլ նույն պահին դատապարտում է ոչ թե թշնամուն, այլ՝ Հանրապետության հրապարակում թուրք-ադրբեջանական դրոշները այրած հայերին»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ