Միքայել սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթաքույց կերպով օգտագործվող անձ․ Աշոտյան

Նախ, ուզում եմ խնդրել բոլոր հանրապետականներին և երրորդ նախագահի աջակիցներին, անկախ կուսակցական պատկանելիությունից զերծ մնալ Միքայել սրբազանին ուղղված վիրավորանքներից։ Նրան հակադարձելու շատ ավելի ծանրակշիռ փաստեր և փաստարկներ կան։
Զավեշտալի է տեսնել, թե ինչպես են Բագրատ սրբազանի վրայից իրենց ֆեյքերով, տելեգրամյան ալիքներով և սնկային լրատվականներով մինչ այսօր չիջնող և երկրորդ նախագահի թիմի անդամ հանդիսացող շրջանակները «պաշտպանում» Միքայել սրբազանին երրորդ նախագահի թիմակիցներից։
Կրկնակի ֆանտասմագորիկ է, երբ Միքայել սրբազանին «պաշտպանում» են հենց նույն մարդիկ, ովքեր նրա «Քոչարյանները և Սերժը պիտի հեռանան» արտահայտությունից հետո նույնիսկ նիկոլական հայտնի ՊՈԱԿ-ի ուժերի մի մասին էին վարձել՝ սրբազանի «պորտը տեղը դնելու» համար։ Ի տարբերություն ինձ, որ հիմնավոր և զուսպ հակափաստարկներով անդրադարձա իր ասածներին, նաև Քոչարյանի մասով։ (Հիշեցումն այստեղ՝ https://www.aravot.am/2024/10/17/1449670/):
Հետաքրքիր բան է մեր այսօրվա իրականությունը։ Տակնուվրա է անում բոլորին և ամենքին՝ հիմնահատակ փոխելով մարդկանց։ Ո՞վ կմտածեր, որ ես համեստություն ձեռք կբերեմ, իսկ բարձրաստիճան հոգևորականն իմ փոխարեն՝ էգոցենտրիզմ, գոռոզամտություն, չարություն և հպարտության հասնող մեծամտություն (միայն «Գյումրիի թիվ մեկ ընդդիմադիրը ես եմ» արտահայտությունն ամեն ինչ արժե):
Սեփական անձի նկատմամբ հոգևոր խոնարհության փոխարեն դիվային էգոցենտրիզմով տառապող և քաղաքական կյանքում ակտիվացած Միքայել սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթաքույց կերպով օգտագործվող անձ։
Սխեման շատ պարզ է. Սրբազանը մեր մասին ավելի վատ է արտահայտվում, քան իրենց, նրանք վերցնում են այդ հատվածները և ակտիվորեն շահագործում մեր դեմ, մենք ստիպված հակադարձում ենք, երբեմն՝ հիպերռեակցիայով, քոչարյանական ալիքներով «օրվա հերոս» դարձած սրբազանին, իսկ երկրորդի թիմակիցները կուսական անմեղություն արտահայտող դեմքերով սկսում են բարոյախրատական ճամարտակումներ անել։
Եկեք պայմանավորվենք, նորահայտ երանելի օգոստինոսներ և մարիամ մագթաղենացիներ, որ ձեր քարոզչական մեքենայությունների մեջ կդադարեք պախկվել հոգևոր հոր սքեմի հետևում։ Ձեր կեղտաբերան ֆեյքերը և գարնանային սրացումներով տառապող ադմիններով տելեգրամյան ալիքները ձեզ բավարար չե՞ն։
Վերադառնալով Միքայել սրբազանին. ես էլ էի սկզբից սուր ընդունում իր ասածները, վրդովվում էի և պոռթկում։ Գիտե՞ք՝ ինչու. որովհետև կարծում էի, որ նա որպես եկեղեցական է խոսում, որպես հոգևոր սպասավոր, որի իրականությանը չհամապատասխանող գնահատականներից նեղվում էի. «Էս լուրջ մարդը ո՞նց կարող է նման անհեթեթ բաներ ասել»։
Սակայն վերջերս իր՝ նույնիսկ աշխարհիկներին ոչ բնորոշ եսակենտրոնության գերդոզավորումից հասկացա, որ իր «քաղաքական խոսքին» պետք է հանգիստ վերաբերվել, առանց նեղսրտելու, առանց «Էդ ո՞նց» մանկամիտ հիասթափություն արտահայտող հարցի, քանզի դա այլևս սովորական «սերժատյաց» և «հանրապետականաֆոբ» գործչի խոսույթ է։
Ահա այսպես են առաջինները դառնում վերջինը՝ բարձրաստիճան հոգևորականից դեպի շարքային նյուզմեյքեր։
Աստված օգնական, սրբազան։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
08․04․2025