Նիկոլ Փաշինյանը այդպես էլ «Level Up» չարեց՝ կեղծ հոդվածներ գրող լրագրողից չդարձավ պետական գործիչ․ Հենրիխ Դանիելյանը
![](https://henaran.am/wp-content/uploads/2025/02/Հենրիխ-Դանիելյան-8.jpg)
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը այդպես էլ «Level Up» չարեց՝ կեղծ հոդվածներ գրող լրագրողից չդարձավ պետական գործիչ:
Նիկոլ Փաշինյանի մյունխենյան այցը հերթական անգամ ցույց տվեց նրա «ֆեյսբուքյան դիվանագիտության» էությունը. տասնյակ հանդիպումների վերնագրեր, բայց առանց որևէ շոշափելի քաղաքական, անվտանգային կամ դիվանագիտական արդյունքի։
Հանդիպումներ Անտոնիու Կոշտայի, Օլաֆ Շոլցի, Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Յոնաս Գահր Ստյորեի, Նեչիրվան Բարզանիի, Անդրեյ Պլենկովիչի, Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Ալեքսանդր Ստուբի, ինչպես նաև մի շարք եվրոպացի այլ պաշտոնյաների հետ… Բայց ի՞նչ փոխվեց Հայաստանի դիրքում։ Ոչինչ։
Այս հանդիպումները վերածվել են միայն լուսանկարների ու վերնագրերի՝ առանց բովանդակության։ Ո՛չ նոր անվտանգային երաշխիքներ, ո՛չ հստակ քայլեր դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու համար, ո՛չ էլ քաղաքական դիրքերի ամրապնդում միջազգային հարթակներում։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է անորակ և անարդյունավետ, իսկ Փաշինյանի այցերը՝ ձախողված PR արշավ։ Մյունխենը հերթական անգամ ապացուցեց, որ նա բանակցող չէ, չունի ազգային շահերից բխող ռազմավարություն և ընդամենը կեղծ ակտիվությամբ լցնում է Հայաստանի միջազգային մեկուսացման դատարկությունը։
Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ դիվանագիտություն, ազգային շահերով առաջնորդվող քաղաքականություն և իրապես արդյունավետ պետական ղեկավարում։ Փաշինյանի հանդիպումների թվով ոչինչ չի փոխվելու։ Ժամանակն է անցնել բովանդակության, այլ ոչ թե վերնագրերի քաղաքականությանը»: