Այլընտրանք գործող նախագահի՞ն. ԼՂՀ-ում պայքարը թեժ է լինելու
Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում պայքարը թեժ է լինելու: Գործող նախագահ, անկուսակցական Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, իշխանության այլընտրանք է Ղարաբաղում: Նշենք, որ Վիտալի Բալասանյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի մտերիմ անձանցից մեկը:
Հիշեցնենք, որ թեեւ նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը եւ գործազուրկ Վալերի Խաչատրյանը, սակայն ընտրությունների ֆավորիտներն առաջին երկուսն են:
Քարոզարշավն Արցախում կմեկնարկի հունիսի 20-ին, իսկ մինչ այդ թեկնածուներն ու նրանց թիմերն զբաղված են նախընտրական շտաբների ձեւավորմամբ:
ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանի կարծիքով, ընտրապայքարը թեժ է լինելու:
“Կարծում եմ` պայքարը թեժ կլինի, որովհետեւ կա մի մեծ զանգված, որը դժգոհ է վերջին հինգ տարիների գործընթացներից. այդ մարդիկ պատրաստվում են ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին եւ այդ օրը քվեարկել հօգուտ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի”,- Henaran.am-ին հետ զրույցում տեսակետ է հայտնել Մասիս Մայիլյանը:
Նրա խոսքով, հասարակության այդ հատվածը դժգոհ է գործող իշխանությունների թե ներքին, թե արտաքին քաղաքականությունից:
“Վիտալի Բալասանյանը վերջերս հարցազրույց է տվել եւ ասել , որ ներկայիս իշխանությունն ընդհանրապես արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում, եւ այս առումով խնդիրներ կան: Իհարկե, նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի, անարդարության մթնոլորտի եւ բարոյահոգեբանական իրավիճակի հետ կապված տարբեր հարցեր կլինեն, բայց այդ ամենը կտեսնենք ընտրարշավի ժամանակ, երբ թեկնածուներն ու նրանց թիմակիցներն ավելի ակտիվ կխոսեն այդ խնդիրներից”,-ասել է Մասիս Մայիլյանը:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն, Վիտալի Բալասանյանը ԼՂՀ ընդդիմության թեկնածո ՞ւն է, Մասիս Մայիլյանը պատասխանել է .”Նա առնվազն այլընտրանք է գործող նախագահին”: Մասիս Մայիլյանի խոսքով, թեեւ ԼՂՀ-ում ընդդիմադիր քաղաքական կուսակցություն` որպես այդպիսին, գոյություն չունի, բայց հասարակության մեջ ընդդիմամադիր տրամադրություններ եւ ուժեր կան, որոնք չեն ընդունում գոյություն ունեցող իրավիճակը:
Ինչ վերաբերում է Արցախի քաղաքական ուժերին, ապա խորհրդարանական “Արցախի ժողովրդավարական”, “Ազատ հայրենիք” եւ ՀՅԴ կուսակցությունները հայտարարել են Բակո Սահակյանին սատարելու մասին: Նշենք, որ Վիտալի Բալասանյանը ,մեկնաբանելով ՀՅԴ հայտարարությունը, ասել էր, թե այդ որոշումը չի արտացոլում Դաշնակցության անդամների մոտեցումները և ընդունվել է ԿԿ մի խումբ անդամների և Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ազդեցությամբ: