06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպիսի մարզիչ է անհրաժեշտ Հայաստանի հավաքականին. մասնագետների դիտարկումներ. Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնը ֆուտբոլային լայն շրջանակում աստիճանաբար քննարկման գլխավոր թեման է դառնում:

Հարցի շուրջ armsport.am-ին իրենց կարծիքն են հայտնել Արմեն Պետիկյանը, Ալբերտ Սաֆարյանը եւ Արամ Ոսկանյանը:

«Հավաքականի գլխավոր մարզիչը պետք է ճկուն մարտավարություն ունենա»

Արմեն Պետիկյան. «Հայաստանի հավաքականին խարիզմատիկ մարզիչ է անհրաժեշտ, ով իր բնավորությունը կփոխանցի տղաներին: Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար ընտրանուն հոգեպես ուժեղ մասնագետ է հարկավոր: Կարծում եմ՝ ավելի նպատակահարմար կլինի, որ մարզիչը ոչ այնքան մեծ տարիքի լինի:

Այժմ շատ բարդ է ասել տեղացի, թե արտասահմանցի մասնագետ է պետք, քանի որ իրադրությունը մի փոքր այլ է: Արտասահմանից մասնագե՞տ գա, առաջիկա 6-8 ամսում բարձր վարձատրությամբ մարզի հավաքականը, թե՞ տեղացի մասնագետը փորձ կուտակի հաջորդ շրջափուլի համար. այս հարցին պատասխանելը շատ բարդ է: Հավաքականի գլխավոր մարզիչը միշտ պետք է ճկուն մարտավարություն ունենա եւ տարբեր խաղաոճերով թիմին նախապատրաստելու ունակություն: Պարտադիր է, որ մարզիչը տակտիկապես գրագետ լինի»:

«Ազգային թիմի մարզիչը պետք է տղաներին նոր մտքեր հաղորդի»

Ալբերտ Սաֆարյան. «Հայաստանի հավաքականին մարզիչ է անհրաժեշտ, ով հասկանա ընտրանու հոգեբանությունը: Ինչ խոսք, յուրաքանչյուր մարզիչ ունի իր մարտավարությունը, սակայն հավաքականի կտրվածքով պետք է այդ ամենը հավասարակշռել: Ունենք տեղացի մասնագետներ, ովքեր կարող են այդ պաշտոնում աշխատել, սակայն ես չեմ կարող ասել, թե որքանով նրանք կլուծեն հավաքականի առջեւ դրված կարեւորագույն խնդիրը:

Ազգային թիմի մարզիչը պետք է տղաներին նոր մտքեր հաղորդի, արդեն հանդերձարանում հաղթող լինի, եւ որ ամենակարեւորն է, տակտիկապես գրագետ լինի: Ցանկանում եմ առանձնացնել մի գործոն. իմ դիտարկմամբ մարզիչը պետք է հավաքականների հետ աշխատելու փորձ ունենա: Ամեն դեպքում, ակումբային եւ հավաքականի մարզիչները տարբեր տեսակետներ ունեն, քանի որ տարբեր են իրենց առջեւ դրված խնդիրները»:

«Մինասյանի օրոք, երբ մեր հավաքականը 1:0 հաղթում էր, խոշոր հաշիվ էինք ակնկալում»

Արամ Ոսկանյան. «Կարծում եմ՝ երկու տարբերակ կա. գլխավոր մարզչի պաշտոնում տեղացի մասնագետ նշանակել, ով առաջիկա ամիսներին փորձ կկուտակի, ինչպես նաեւ նոր ֆուտբոլիստներ կբացահայտի, կամ հրավիրել արտասահմանցի մասնագետ: Ամեն դեպքում, հարցին պատասխանելը շատ բարդ է, քանի որ ազգային թիմի ներկա դրությունը ստիպում է ավելի երկար մտածել հարցի շուրջ: Իմ դիտարկմամբ տեղացի մասնագետի նշանակումը խթան կհանդիսանա նաեւ մյուս հայ մասնագետների համար: Փորձը ցույց է տալիս, որ արտասահմանցի մասնագետ հրավիրելը չի լուծում ընտրանու առջեւ դրված կարեւորագույն խնդիրը: Եթե որոշվի արտասահմանից մասնագետ հրավիրել, ապա նա պետք է հեղինակավոր լինի, որպեսզի վստահելի լինի խնդիրը լուծելու համար: 

Մենք տեսանք, որ հավաքականը չէր խաղում այն խաղը, որը կար Վարդան Մինասյանի օրոք: Վարդանի օրոք, երբ մեր հավաքականը հաղթում էր 1:0 հաշվով, խոշոր հաշիվ էինք ակնալում, իսկ Շալանդի օրոք մտածում էինք պահպանել հաշիվը:

Հավելեմ, որ հավաքականը գլխավոր մարզիչը պետք է ունենա խաղային այն ձեռագիրը, որը հոգեհարազատ է ընտրանու տղաներին:

Աղբյուր` Armsport.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ