Հայրը վրաերթի է ենթարկել որդուն
Ինչպես տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 22-ի սահմաններում Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 52-ամյա Սամվել Այվազյանը, վարելով “ՎԱԶ 2121” մակնիշի 26 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենան Լուսառատ-Եղեգնավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Տիգրան Այվազյանին: Վերջինս տեղում մահացել է: Տեղեկացնում է Tert.am-ը:
Ֆոտոլրագրողին գյուղացիները պատմել են, որ վրաերթի ենթարկվածը Տ. Այվազյանը Ս. Այվազյանի որդին էր, եւ նրանք զբաղվում էին հողագործությամբ: Որդին երեկոյան ավտոմեքենայով գնացել է դաշտ եւ այն թողել հոր մոտ, որպեսզի հայրը տուն վերադառնա մեքենայով, իսկ ինքը հորից վերցնելով հեծանիվը, որով հայրը գնացել էր դաշտ, վերադառնալիս է եղել տուն եւ արդեն նշված հատվածում տեղի է ունեցել մահացու վրաերթը:
Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: