Հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով սկսելու է հարավկովկասյան ճակատում Ռուսաստան-հավաքական արևմուտք առճակատման բացահայտ փուլը
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ֆեհսբուքյան իր էջում գրել է․
«Հարավային Կովկասում Ռուսաստան-հավաքական արևմուտք հակամարտությունը դրսևորվում է մասնավորապես հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների նկատմամբ իրենց հակառակ դիրքորոշումներով:
Եթե Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանով դեպի Հնդկական օվկիանոս հասնող Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը, ապա հավաքական արևմուտքը փորձում է խափանել այդ ծրագրի իրականացումը կամ իր վերահսկողության տակ պահել այն երկրները, որոնցով անցնելու է այդ միջանցքը: Նմանապես եթե հավաքական արևմուտքի համար չափազանց կարևոր է Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ու հարավային Կովկասով անցնող արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի իրականացումը, ապա Ռուսաստանը փորձում է խափանել դա, կամ իր վերահսկողության տակ պահել այն երկրները, որոնցով անցնելու է այդ միջանցքը:
Միաժամանակ էական առանձնահատկություններ ունեն Հայաստանի ու Վրաստանի դիրքորոշումների կարևորությունները արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի և Հայաստանով ու Վրաստանով անցնող հյուսիս-հարավ ծրագրի արևմտյան միջանցքի իրականացման առումով քանի որ.
-արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն կամ Հայաստանի կամ Վրաստանի դրական վերաբերմունքը, իսկ այդ ծրագիրը խափանելու համար միաժամանակ և Հայաստանի և Վրաստնի ոչ դրական վերաբերմունքը, -հյուսիս-հարավ ծրագրի արևմտյան ճյուղի իրականացման համար անհրաժեշտ է և Վրաստանի և Հայաստանի դրական վերաբերմունքը, իսկ խափանելու համար կամ Վրաստանի կամ Հայաստանի ոչ դրական վերաբերմունքը:
Այսինքն նշված ծրագրերի առումով իրենց նպատակներն իրականացնելու համար եթե հավաքական արևմուտքին բավարար է կամ Վրաստանի կամ Հայաստանի պրոարևմտյան դիրքորոշումը, ապա Ռուսաստանին անհրաժեշտ է և՛Վրաստանի, և՛ Հայաստանի պրոռուսական դիրքորոշումը:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով սկսելու է հարավկովկասյան ճակատում Ռուսաստան-հավաքական արևմուտք առճակատման բացահայտ փուլը»: