06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երիտասարդներն արյուն տվեցին

Արյան դոնորի համաշխարհային օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության ակցիա: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի իրականացնում է արյունատվական ակցիաներ, որոնց հիմնական նպատակն արյան կարիք ունեցող մարդկանց օգնելն է։ “Երիտասարդներն արյուն տալուց առաջ ենթարկվում են բուժզննության, հետազոտվում է նրանց արյունը։ Հետագայում նրանք տեղեկացվում են իրենց արյան հետազոտությունների արդյունքների մասին։

Եվ եթե լինում են խնդիրներ, երիտասարդների բուժման գործընթացը նույնպես կարողանում ենք ապահովել։ Մեկ ակցիայով մենք երկու խնդիր ենք լուծում՝ օգնել արյան կարիք ունեցող մարդկանց և բուժզննում իրականացնել երիտասարդների շրջանում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հետևողական են լինելու նման ակցիաների կազմակերպման հարցում։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են իրենց արյունը տալ, մասնակցել արյունատվության։

Սա մարդասիրական ակցիա է, որը համախմբում և միասնական է դարձնում մարդկանց։ Ամբողջ աշխարհում այդ խնդիրը լուծվում է արվարձահատույց, կամավոր դոնորների միջոցով։ Մեր կազմակերպություններն այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա”- նշեց Կարեն Ավագյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը տեղեկացրեց, որ արյունատվության ակցիային մասնակցում են պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նա հատկապես ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է ոչ միայն արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, այլև նման ակցիաներն են դառնում ավելի հաճախակի։ Նա կոչ արեց բոլորին միանալ նման նախաձեռնություններին, քանի որ օգնությունը մենաշնորհ չէ, և օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է, առավել ևս որ մեր հանրապետությունում առկա է արյան պակասի խնդիրը։

Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանն արդեն 6-րդ անգամ է մասնակցում արյունատվության ակցիաների։ «Ուրախ կլինեմ, եթե իմ արյունն ինչ-որ մեկին անհրաժեշտ կլինի։ Մեր բուհի ուսանողները միշտ պատրաստ են իրենց արյունը տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նման ակցիաները ողջունելի են, քանի որ երիտասարդների շրջանում նաև դոնոր դառնալու մշակույթն են ձևավորում՚,- ասաց Հայկ Ղևոնդյանը։

Նշենք, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011թ. կատարվել է մոտ 15000 արյունատվություն։

 

 


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ