02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ Աստված չի բժշկում քո երեխային…

Այսօր մեկ վկայություն կարդացի, որը, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, ցավ պատճառեց ինձ:

Ես պետք է որ ուրախանայի այն ընտանեկան զույգի համար, որը ստացել էր իր աղոթքի պատասխանը, սակայն այս պատմությունը խոցեց ինձ, որովհետև ես մինչ օրս սպասում եմ, որ Աստված կբժշկի ի՛մ երեխային:

Երբ դուստրս՝ Դենդրան, դեռ երեխա էր, մի կին ինձ ասաց, որ նա կբժշկվի դաունի համախտանիշից երեք տարեկանում: Օրերս լրացավ նրա տասներկու տարին, և նա մինչ օրս հիվանդ է:

Եվ այսօր կարդացի այդ զույգի վկայությունը, որի դեռևս չծնված երեխային բժիշկները նույնպես ախտորոշել էին դաունի համախտանիշ: Նրանց եկեղեցին աղոթել էր, և երեխան առողջ էր ծնվել: Փա~ռք Աստծուն:

Ես պետք է որ պարեի ուրախությունից, սակայն այդ ժամանակ կոկորդիս ասես մի գունդ կանգնեց, և ես լացեցի ողջ օրը: Ես մի եկեղեցու անդամ եմ, որտեղ նույնպես մեծ թվով բժշկություններ են կատարվում, բայց երբեմն ինձ համար դժվար է նման վկայություններ կարդալը:

Ամենից շատ ես ծանրություն եմ զգում իմ ներսում այն ժամանակ, երբ պարբերաբար որևէ մեկը մոտենում ու խղճալի ձայնով ենթադրություններ է անում, թե ինչը կարող էր պատճառ լինել, որ ես հիվանդ երեխա եմ լույս աշխարհ բերել:

Վերջերս էլ բարեկեցիկ կյանքով ապրող մի կին ինձ մոտեցավ ու ասաց, թե, հավանաբար, իմ նախնիներից մեկը մեղք է գործել, ու ես այժմ քաղում եմ այդ մեղքի պտուղները: Ի՜նչ սարսափելի էր նման խոսքեր լսելը:

Ես աղաղակում էի Աստծուն, որ Նա հեռացնի վշտի ու դառնության ամեն հետքերն իմ հոգուց, որովհետև ես ուզում էի վկայել իմ դստեր բժշկության մասին: Սակայն դեռ չէի կարող դա անել:

Եվ այժմ էլ չեմ կարող: Բայց, միևնույն ժամանակ, ես ուրախ եմ այն ամենի համար, ինչ Աստված արել է իմ դստեր կյանքում արդեն հիմա:

Դուստրս սիրում է եկեղեցի հաճախել: Նա կգնար եկեղեցի ամեն օր, եթե կարողանար: Նա սիրում է փառաբանել Տիրոջը, աղոթում է: Նա երբեմն ավելի հոգատար է մարդկանց հանդեպ, քան իր շուրջը եղող որոշ մարդիկ:

Նա շատ անկեղծ է: Նա ինձ սովորեցրեց, թե ինչ բան են համբերությունն ու սրտացավությունը, որոնց մասին նախկինում ես գաղափար անգամ չունեի:

Նա ինձ համար սահմանափակ հնարավորություններով մարդկանց մի աշխարհ բացահայտեց, որոնց նախկինում ես անգամ չէի նկատում: Հիմա ես նկատում եմ նրանց: Նա ինձ դարձրեց բոլոր այն մարդկանց փաստաբանը, ովքեր չեն կարողանում իրենք իրենց պաշտպանել:

Իմ երազանքն է՝ տեսնել եկեղեցին ինչպես մի վայր, որը ապահով տեղ կլինի սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար:

Ես երազում եմ, որ սահմանափակ կարողություններով մարդիկ կարողանան գալ Աստծո տուն ու Աստծո ներկայության մեջ իրենց լիարժեք մարդ զգան:

Ես ցանկանում եմ եկեղեցին մի վայր լինի, որտեղ նրանք կկարողանան մոռանալ իրենց սահմանափակումների մասին:

Երազում եմ, որ եկեղեցին մի վայր լինի, որտեղ Քրիստոս կկարողանա մտնել առանց արգելքների: Եթե մարդիկ կանգնում են ոտքի ու քայլում են՝ փառք Աստծուն, իսկ եթե՝ ոչ, ապա նրանք, միևնույնն է, շարունակում են մնալ մեր կյանքի մի մասը, ու մենք պետք է պայքարենք նրանց համար:

Կարիք չկա պատճառներ փնտրելու, մեղավորներ գտնելու, մարդիկ կարիք ունեն կոտրված սրտերը բարձրացնելու և սիրված լինելու:

Իմ եկեղեցին, իհարկե, կատարյալ չէ: Բայց մի բան եմ հասկացել, որ հենց դրա համար էլ այն եկեղեցի է, և այնտեղ բոլորն ունեն բժշկության կարիք: Ամեն դեպքում, չեմ կարող երախտագիտությամբ չասել, որ այն ասես օազիս լինի իմ դստեր համար:

Եկեղեցում նա անգամ մոռանում է, որ ունի դաունի համաշխատանիշ: Երբ աղոթում ենք մարդկանց բժշկության համար, ես հարցնում եմ՝ արդյոք ինքը չի՞ ցանկանում գնալ բեմի մոտ, որ իր համար էլ աղոթեն, և նա պատասխանում է՝ «Ո՛չ, մայրի՛կ, ավելի լավ է ես ինքս ուրիշների համար աղոթեմ»:

Երբ Աստված չի բժշկում ձեր երեխային, իմացե՛ք, որ բժշկությունը նման է հեղեղի: Գուցե այն չգա ձեզ մոտ մի պայծառ ու գունեղ փաթեթավորմամբ, ինչպես դուք եք պատկերացնում:

Ընդունեք նախ բժշկությունը, որն Աստված ցանկանում է տալ ձեր սրտին: Ահա, թե ինչի կարիքը ես ունեմ:

Եվ եթե ձեր կյանքում նույնպես կան նմանատիպ խնդիրներ, ապա ես աղոթում եմ, որ Տիրոջ բժշկարար հեղեղը հորդի ձեր մեջ:

Մենք կարիք ունենք լինելու այնքան մաքուր ու ազատ, որ կարողանանք ուրախանալ ուրիշների ուրախությամբ, որ նախանձն ու անհուսությունը վերջնականապես ջնջված լինեն մեր կյանքերից:

Ես աղոթում եմ, որ դուք, ինչպես նաև՝ ես, ճանաչե՛նք Նրա սիրո բժշկող հպումը, ընդունելությունը, ողորմությունը և զորությունը մեր երեխաների մասին հոգ տանելու համար:

Եվ թող Նրա բժշկությունը հորդի յուրաքանչյուրիս մեջ ու յուրաքանչյուրիս միջոցով:

Լեյլանի Հայվուդ

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ