«Տղաս ո՞ւր է Եփրատը »
Մարտի 28-ին` ժ. 19.00-ին` Մոսկվայի Տանը տեղի կունենա «Տղաս ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան, իսկ ժամը 18.00-ին՝ կկայանա ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը:
Ֆիլմը անրադառնում է ցեղասպանության թեմային: Գլխավոր դերերում՝ Վիգեն Ստեփանյան և Ռուբեն Փաշինյան:
Կարճամետրաժ, խաղարկային կինոնկար է, տևողությունը՝ 15 րոպե:
Սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ռուբեն Փաշինյան: Բեմադրող օպերատոր՝ Հակոբ Կարանֆիլյան: Երաժշտական ձևավորումը՝ Լևոն Խաչատրյանի: Ֆիլմում հնչում է Էդուարդ Փաշինյանի «Շուրջպարը»: Ֆիլմը նկարահանված է Ռ. Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա:
Համառոտ բովանդակություն՝
ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների խմբում մի ծերուկ փնտրում է Եփրատ գետը… Հայաստանում։ «Տղաս, այս գետը Եփրա՞տն է»,- հարցնում է նա միշտ, երբ ինչ-որ գետ է տեսնում: Ուղեվարը սկզբից ժպիտով, ապա զարմանքով և հետո էլ մի փոքր զայրույթով բացատրում է, որ ծերուկը սխալվում է՝ Հայաստանում Եփրատ չկա: Այդպես շարունակվում է մինչև Նորավանք հասնելը…
Այս ամենի մասին հիշում է տարիներ անց ուղեվարը՝ իր իսկ հարազատ պապիկի ծննդյան օրը, որը ծնվել էր ապրիլի 24-ին…