Պարսավելի է շոշափել Ջոն Հանթսմանի անունը.Սիվիլիթաս
Սիվիլիթաս հիմնադրամն այսօր հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեղադրանքների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.
՛՛Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամի ևՍիվիլՆեթ լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք «փողերի լվացման և հարկերից խուսափելու» մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին:
Ազգային անվտանգության ծառայությանը շեղել են ազգային իսկական անվտանգությունն ապահովելու նրա կարևոր առաքելությունից և ստիպել զբաղվել ինչ-որ փաստերի փնտրտուքով, որոնք հարկավոր են կայացրած եզրակացությունը հիմնավորելու համար: Ակնհայտ է, որ այս ամենը միտված է խոչընդոտելու Սիվիլիթասի և ՍիվիլՆեթի գործունեությունը:
Սիվիլիթասի նախաձեռնած ծրագրերը այս չորս տարիների ընթացքում իրականացվել և իրականացվում են Հիմնադրամի կանոնադրության և ՀայաստանիՀանրապետության օրենքների պահանջների խստագույն կատարմամբ: Մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում:
Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի որևէ անդամի և/կամ որևէաշխատակցի քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է Հայաստանի՝պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին, որը գիտակցում է, որ իր պատասխանատվությունն ու իրավունքն է մասնակցել այս երկրի կառավարմանը:
Առհասարակ, անընդունելի և պարսավելի է, երբ այս ամենի մեջ շոշափվում է այնպիսի մեծ բարերարի անուն, ինչպիսին Ջոն Հանթսմանն է, մարդ, որն անկախությունից ի վեր Հայաստանում անգնահատելի բարեգործություն և ներդրումներ է արել: Մի՞թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են օտարել բոլոր այն մարդկանց և հաստատություններին, որոնք մեր երկրի ժողովրդավարացման ու զարգացման գործում այդքան մեծ ներդրում են ունեցել:
Հասարակական այն լայն աջակցությունը, որ Սիվիլիթասը ստանում է այս օրերին, ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու մեր գործը շարունակելու ենք միասին՛՛: