02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»

Ազգային ժողովում քննարկվում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի,Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Մելիքյանի, Արագած Ախոյանի հեղինակած փաստաթուղթը:

Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը,

– առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,

– արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

«Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,-նշեց նա:

Շարմազանովը նախքան հիմնավորումներին անցնելը նկատեց, որ այս նախագւծը մեկ օրում և նույնիսկ մեկ տարում չի մշակվել, անցել է քրտնաջան աշխատանքի ճանապարհ, որին մասնակցել են բոլոր խմբակցությունների պատգամավորները, հույների ու ասորիների համայնքների ներկայացուցիչները: Նա շեշտեց, որ այս նախագծի սկիզը դրվել է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մեկտեղ չորս տարի առաջ: 

Ապա ԱԺ փոխնախագահը ներկայացրեց հիմնավորումները.

« «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» 1948 թ. ՄԱԿ-ը ընդունեց ՛՛Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին՛՛ կոնվենցիան, որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացվող քաղաքականությունը որակավորվում է որպես ցեղասպանություն: Հիմնվելով այդ կոնվենցիայի վրա՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) 2007թ. որոշում ընդունեց, որտեղ նշվում էր, որ «1914-1923թթ. Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների՝ հայերի, ասորիների, Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների դեմ տարվող քաղաքականությունը հանդիսանում էր ցեղասպանություն»:

 Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Շվեդիայի խորհրդարանի կողմից 2010թ. մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ. Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը: Ցեղասպանագետները հայերի, հույների և ասորիների ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում դիտում են որպես մեկ քաղաքականության բաղկացուցիչ մասեր: Քաղաքականություն, որն ուղղված էր Փոքր Ասիան վերածելու միասնական մահմեդական, այնուհետև թուրքական տարածքի: 

1909 թվականից երիտթուրքերն աստիճանաբար սկսում են որդեգրել և անցում կատարել ոչ մահմեդական ժողովուրդների բռնի ձուլման և տարհանման քաղաքականությանը, որի մեկնարկը դրվեց 1909թ. Ադանայում հայ բնակչության կոտորածով: Երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության որդեգրման տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունի 1911թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 9-ը Սալոնիկում տեղի ունեցած Իթթիհատ վե Թերաքքիի 4-րդ համագումարը, որտեղ քրիստոնյա ժողովուրդների բռնի ձուլման որոշում կայացվեց և նշվեցին այդ ծրագրի իրականացման հիմնական միջոցները1: 

Օսմանյան կայսրության հունական բնակչությունը երիտթուրքական կառավարության ցեղասպան քաղաքականության թիրախ դարձավ 1913-1914թթ., երբ իրականացվեց Փոքր Ասիայի արևմտյան ափին բնակվող հունական բնակչության բռնագաղթը, որը կազմակերպվել էր Օսմանյան կառավարության կողմից»,-եզչափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ