24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. Փաստ

Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջև առճակատումն էլ ավելի մեծ կարևորություն է հաղորդում այլընտրանքային հաղորդակցության ուղիների ստեղծմանը։ Մի կողմից՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանով անցնող տրանսպորտային ծրագրերի համար, իսկ մյուս կողմից էլ՝ հութիների հարձակման պատճառով Կարմիր ծովով անցնող ծովային ճանապարհի համար անվտանգային ռիսկեր են առաջացել։ Ուստի, Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպային կապող նոր տրանսպորտային միջանցքների ստեղծման անհրաժեշտություն է առաջ եկել։ Ու այս համատեքստում տարբեր նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասի կյանքի կոչման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։

Օրինակ՝ Հնդկաստանը փորձում է իրականացնել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որն անցնելու է Իրանով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը Իրանի հետ համագործակցող երկրներին սպառնում է պատժամիջոցներով, օրերս՝ փաստացի Իրանի նախագահի հետ տեղի ունեցած ողբերգության նախօրեին, Հնդկաստանը Օմանի ծոցի ափին գտնվող «Չաբահար» նավահանգստի կառավարման մասին երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ:

Համաձայնագիրը ենթադրում է, որ Հնդկաստանը ներդրումներ է կատարելու նավահանգստին հարող տարածքում ենթակառուցվածքները զարգացնելու համար, որի արդյունքում պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն բեռնափոխադրումների իրականացման համար։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը նոր դինամիկա կհաղորդի Հնդկաստանի կապերին Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի մյուս երկրների հետ։ Այդպիսով, Հնդկաստանը կկարողանա շրջանցել իր հակառակորդ Պակիստանին, որտեղ ակտիվ ներդրումներ է կատարում մրցակից Չինաստանը և գործարկում է «Գվադար» նավահանգիստը։ Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանն իր վրա կվերցնի արտասահմանյան նավահանգստի կառավարումը։

Նյու Դելին նաև ակնկալում է, որ նախագիծը կբարելավի կապերը «ՀյուսիսՀարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը մշակվում է Իրանի և Ռուսաստանի հետ: Գործի է դրվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի հետ «Չաբահար» նավահանգստի ինտեգրման նախագիծը։ Բայց ուշագրավ է, որ, որպես «Հյուսիս-Հարավ» միջանցքի հիմնական ուղի, նշվում է Ադրբեջանը, որի տարածքով էլ այն պետք է անցնի։ Այնինչ, այս նախագծում Հայաստանի կարևորությունն այնքան էլ չի ընդգծվում։

Հայաստանյան վերլուծական շրջանակներում միայն քննարկվում է «Չաբահար» նավահանգստով դեպի Հնդկաստան ու մյուս կողմից՝ դեպի Եվրոպա գնացող տրանսպորտային հանգույցում կարևոր տեղ զբաղեցնելու հարցը, սակայն այդպես էլ կոնկրետ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ճիշտ է, Հայաստանը փորձում է օպերատորական կետ բացել «Չաբահար» նավահանգստում, սակայն միայն դա բավարար չէ։ Ու դրանով է պայմանավորված, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարում է, թե «Չաբահար» նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին։

Դեսպանի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանից դեռևս հստակ առաջարկներ չկան, և առաջացել է դրա բարձրաձայնման անհրաժեշտությունը։ Իսկ բովանդակային առաջարկներ ներկայացնելու ու դրանք իրագործելու համար հայկական կողմը պետք է պրոակտիվ աշխատանքներ տանի, բայց ՀՀ իշխանությունները այսպիսի հեռանկարային ծրագրի իրականացման հարցում մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում։ Նրանք հատուկ ջանասիրությամբ առաջ են քաշում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ փորձելով հույսեր արթնացնել, թե շուտով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվելու են, ու Հայաստանը միջազգային տրանսպորտային հանգույցի մաս է կազմելու։ Բայց Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ իրականում իրենք շահագրգռված են, որ Հայաստանն ավելի մեկուսանա, ու Հայաստանով անցնող հաղորդակցության ուղին, որն անվանում են «Զանգեզուրի միջանցք», իրենք վերահսկեն։

ՀՀ իշխանությունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկում նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում մեր երկրով անցնող հաղորդակցության ուղու մի շարք կարևոր առավելություններն ընդգծելու ուղղությամբ։ Օրինակ՝ Իրանի ու Հնդկաստանի համար Հայաստանի տարածքով անցնող միջանցքը կարող է մեծ կարևորություն ունենալ, քանի որ շրջանցում է Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք փորձում են ամեն կերպ ազդեցություն ունենալ տարբեր տրանսպորտային նախագծերի վրա։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքը հնարավորություն է տալիս ավելի կարճ ճանապարհով՝ միանգամից Վրաստանով դուրս գալ Սև ծով ու դեպի Եվրոպա։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ