Հայ-ճապոնական համագործակցութուն մշակույթի լեզվով
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական ՛՛Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ՛՛ միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երեւանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով եւ ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա եւ մասնավորապես ՛՛Սոկա Գակկայ՛՛ համալսարան:
՛՛Ավելին, լսել եմ, որ այդ այցի ժամանակ համալսարանի սաները հայերենով փայլուն կատարել են ՛՛Էրեբունի-Երեւան՛՛ երգը, որը շատ ողջունելի եւ հաճելի է մեզ համար՛՛,-նշել է Տարոն Մարգարյանը:
Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված նոր արժեքների ստեղծմանը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման համար: Նաեւ հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երեւանն անդամակցում է նաեւ ՛՛Քաղաքապետերը հանուն խաղաղության՛՛ կազմակերպությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ պատրաստակամության համար` ՛՛Սոկա Գակկայ Ինտերնեյշնլի՛՛ գործադիր տնօրեն Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը եւ նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է եւ ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաեւ ընդգծել է, որ երեւանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ասոցիացիայի նախագահ 84-ամյա Դայսակու Իկեդային եւ ընդգծել, որ Երեւանը բաց է բոլոր բարեկամների եւ հյուրերի առջեւ, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: