Չգիտեմ, թե ինչ աղոթեմ
Վայ ինձ, Տեր, քանզի տարակուսանքի ծփանքն է ինձ պատում և ալեկոծում սիրտս: Չգիտեմ, թե ինչ աղոթեմ: Սաղմոսում եմ ու չեմ հասկանում, շուրթերս են լոկ բարբառում,իսկ միտքս ճողոպրելով այս ու այն կողմ է հածում. չի ենթարկվում իմ կամքին ու, չի հանդարտվում, աներևույթ շրջում է և անորսալի մնում. չարչարվում եմ ու չեմ օգտվում. պղնձի ու ծնծղայի ձայնի պես թափուր և ունայն եմ համարվում և անպտուղ լինում բոլոր բարիքներից:
Տեր, ընդունիր, մոլորվածիս, որ լեռներն եմ փախել՝ հանցանքի պատճառով տիրոջից հալածված չար ծառայի պես: Եվ հրաժարված եմ սուրբ եղբայրներից, հեռացած` սուրբ ծառայությունից, քանզի մեղքն էի սիրում ու նախատինք էի կրոնավորների համար:
Անհագորեն զրկում էի ու խախտում պատվիրանները, անգութ էի աղքատների և հակառակվող` սպասավորների հանդեպ, անողորմ էի հիվանդների ու անմխիթար` նեղվածների նկատմամբ, անգամ արժանի չէի ճգնավորների մեջ լինելու:
Տեր, իջեցրու, Սուրբ Հոգուդ շնորհները ինձ վրա, որ միայնակ եմ պատերազմի մեջ`
առանց օգնականի: Սրբիր, Տեր, հոգուս տաճարը և ինձ հետ եղիր երեկոները: Բաց իմ հոգու աչքերը և լուսավորիր միտքս ու խորհուրդներս: Զորություն տուր ինձ, Տեր իմ Հիսուս, և ընդունիր
օրհնաբանությունս: Արթնացրու ինձ գիշերվա խոր քնից` գոհանալու և օրհնելու Քեզ, որ քավեմ իմ մեղքերը: Սուգ և արտասուք շնորհիր ինձ՝ լալու, սգալու և անդադար աղոթելու Քո առջև:
Տեր, դատիր, ինձ դատապարտողին, որ հանդգնում է զորաժողով գումարել՝ մարտնչելով
իմ դեմ ցանկությամբ և անժուժկալությամբ, ծուլությամբ ու որկրամոլությամբ, փառասիրությամբ և մարդահաճությամբ, բարկությամբ ու ատելությամբ չարահավանությամբ ու հայհոյությամբ,
սնափառությամբ ու սնապարծությամբ, հպարտությամբ և ամբարտավանությամբ, խոսքով ու գործով, մտքով ու խորհուրդներով՝ ինձ ընկղմելով չարիքների խորքը:
Սուրբ Եփրեմ Ասորի