Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի վարչական շրջան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել է վարչական շրջանի Մանկական այգին: Հանգստի այս գոտու բարեկարգման խոստումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին տվել էր դեռ նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եվ շարունակում.
՛՛Ծրագրի համաձայն ամբողջությամբ բարեկարգվել ու կահավորվել է այգու ողջ` 1,5 հա տարածքը: Համալիր բարեկարգման շրջանակում հիմնովին փոխվել են նաեւ արտաքին լուսավորման եւ ոռոգման համակարգերը: Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել սիզամարգերի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ, իսկ տեղադրված նոր նստարանները, զրուցարաններն ու խաղային նոր ատրակցիոններն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին. <<Մանկական այգին իրականում գտնվում էր շատ վատ վիճակում: Տասնյակ տարիներ անխնամ մնալու արդյունքում այգին չէր ծառայում իր բուն նպատակին: Քաղաքապետարանի 2012թ-ի շինբարեկարգման ծրագրով եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց հիմնովին վերակառուցել այգու ողջ տարածքն ու հանձնել բնակիչներին>>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող այգին վերակառուցելու համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է իրենց համար: Քաղաքապետն էլ հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել այն ամենը, ինչը ստեղծվում է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ Արցախի 8 եւ Աթոյան անցուղի 18 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը, հանդիսավորությամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գոտիները: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած <<Բարեկարգ Երեւան>> ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երեւանյան բոլոր բակերը. <<Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում այսօր քայլեր են տարվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում փոքր կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Մենք մոտ ժամանակներս արդեն ականատես կլինենք նաեւ այդ հանգստի գոտիների բացմանը: Իսկ ընդհանրապես, որպես առաջնահերթություն, մեր խնդիրն է համաչափ զարգացում ապահովել ողջ Երեւան քաղաքում>>,-շեշտել է քաղաքապետը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում արդեն ավարտին մոտեցող խաղահրապարակներից մեկի բարեկարգման ընթացքին, որից հետո այցելել է
Ջրաշենի առաջին եւ երրորդ փողոցներ` տեղում ծանոթանալու ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Շուրջ 400 մ երկարություն ունեցող գրունտային այս ճանապարհն առաջին անգամ է ասֆալտապատվելու:
Քաղաքապետը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների կատարման ընթացքին:
Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ ու հանձնարարել խստորեն հետեւել քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքների համակարգված կազմակերպմանն ու դրանք սահմանված ժամկետներում եւ որակով իրականացմանը՛՛: