Բաց նամակ Հայաստանի նախագահին
Պարո´ն նախագահ, ուզում եմ հավատալ, որ մենք էլ ենք պետություն, կամ ուզում ենք պետություն դառնալ: Բա որ պետություն ենք, այդ ինչպես է, որ Հունգարիայի Հանրապետության նախագահին 20 տարի առաջ կատարած գրագողության համար զրկել են գիտական աստիճաններից, կոչումներից եւ հանրապետության նախագահի պաշտոնից, իսկ մեզ մոտ ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանին ոչ միայն չեն զրկում գիտական աստիճաններից, կոչումներից ու պաշտոնից, այլեւ ՀՀ ԿԳ Նախարարության ԲՈւՀ-ի նախագահությունը (նախագահ Արտյուշա Ղուկասյան) պաշտպանության տակ է առել նրան, այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Դավիթ Դավթյանը 19.04.2011 որոշումով փաստել է որ Էդուարդ Եղիազարյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասով:
Դեռեւս երեք տարի առաջ բացահայտել եմ, որ ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանը դիմել է խարդախությունների եւ գրագողությունների, ստեղծել մի շինծու աշխատանք եւ այն պաշտպանել եւ երկու մասնագիտության գծով (կենդանաբանություն, էկոլոգիա) ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (խորհրդի նախագահ ակադեմիկոս Ս.Մովսիսյան, գիտքարտուղար. Հ.Խաչատրյան):
Էդուարդ Եղիազարյանը ռուս կենդանաբան Ս.Կուզմինի Земноводные бывшего СССР 1999 թ. գրքից արտագրել է Հայաստանում տարածված յոթ տեսակի երկկենցաղների մասին գրված ամբողջ նյութը 67 էջ (30-91 եւ 302-307): Առավել խայտառակություն է այն, որ նա վերցրել է նաեւ նշված գրքի գրականության ցանկը եւ այն տեղափոխել (սքան արել) իր «ատենախոսության» մեջ (62 էջ, 696 անուն գրականություն): «Ատենախոսության» 307 էջից 129 էջ արտագրված է Ս. Կուզմինի, իսկ 6 էջն էլ իմ եւ Ա. Հայրապետյանի գիտական հոդվածից: Սա եզակի, աննախադեպ գրագողություն է: Սակայն 90-ից ավելի բարձրաստիճան կենսաբաններ «չեն նկատել» այդ անարխիան եւ բարձր գնահատական են տվել այդ շինծու աշխատանքին:
Խնդրել եմ ԲՈՒՀ-ի նախագահությունից ստեղծել չեզոք հանձնաժողով, պարզել այդ խայտառակությունները եւ պատժել մեղավորներին: Սակայն ԲՈՒՀ-ի նախագահությունը հանձնաժողով է ստեղծել այն նույն չարաբաստիկ գիտական խորհրդից, որտեղ կատարվել է խայտառակ պաշտպանությունը: Հանձնաժողովը թույլ է տվել երկրորդ անթույլատրելի զեղծարարությունը: Նա փորձել է կոծկել կատարված անարխիան: Հանձնաժողովը գրել է. «Թեեւ Ս. Կուզմինի գրքից արվել է որոշ փոխառումներ, սակայն աշխատանքը եւ ծավալի եւ բովանդակության առումով չի կորցրել իր նշանակությունը»: Սա գրագողությունը պաշտպանելու զեղծարարություն է: Եթե աշխատանքի 307 էջից 129-ը արտագրված է Ս.Կուզմինի գրքից, եթե աշխատանքը չունի սեփական գրականության ցանկ, ինչպես այն կարող է եւ ծավալի եւ բովանդակության առումով պահպանել իր նշանակությունը:
Տեսնելով, որ ԲՈՒՀ-ի նախագահությունը ոչ միայն չի ցանկանում պարզել այդ խայտառակությունների շարքը, այլեւ ամեն կերպ պաշտպանում է կատարված զեղծարարությունները, ես 20-ից ավելի դիմում-բողոքներ են ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմին (չորս), վարչապետին (երեք), ՀՀ ԳԱԱ-ն (երկու), ԵՊՀ ռեկտորին (երկու եւ այլն): Բոլոր այդ դիմում-բողոքներին տրվել են կամ խուսափողական պատասխաններ, կամ վերահասցեագրել են ԲՈւՀ-ի նախագահությանը: Երբ ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել եմ հերթական պատասխանը հետեւյալ բովանդակությամբ, որ իմ բոլոր նախորդ նույնանման նամակներին տրվել են սպառիչ պատասխաններ, ես հեռաձայնել եմ դիմումի պատասանը կազմող աշխատակցուհուն եւ հանդիմանել նրան, թե ինչպես կարելի է գրագողությունը հաստատող բազմաթիվ փաստերին նման անհեթեթ պատասխան տալ, նա ինձ պատասխանել է հետեւյալը. «Ես ունեմ ղեկավար, եւ նա ինչ ասում է, ես այն էլ պատասխանում եմ»: Կարծում եմ, որ բարձրաստիճան ղեկավարության այսպիսի վերաբերմունքի դեպքում մենք ոչ միայն պետություն չենք կառուցի, այլեւ եղածն էլ կքանդենք:
Այժմ ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ուզում եմ ստանալ պետություն կառուցող բարձրաստիճան ղեկավարներից: Ինչպե՞ս է ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնը (ամբիոնի վարիչ պրոֆ. Ֆ.Դանիելյան) եւ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի գրեթե բոլոր ամբիոնները այդ շինծու աշխատանքը երաշխավորել պաշտպանության:
Ինչպե՞ս է, որ երեք ընդդիմախոսները` ակադեմիկոս Միսակ Դավթյան, կենս. գիտ, դոկտոր Բարդուխ Գաբրիելյան, պրոֆ. Միխաիլ Վասիլեւ (ՄՊՀ) «չեն նկատել» գրագողությունները, այլ կատարելով թամադայի դեր` գովաբանել են:
Ինչպե՞ս է, որ Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի էկոլոգիայի եւ բնապահպանության ամբիոնը (որպես առաջատար կազմակերպություն), դարձյալ «չի նկատել» աշխատանքի շինծու լինելը:
Ինչպե՞ս են ԱՊՀ բարձրաստիճան գիտնականները եւ բազմաթիվ մասնավոր անձինք դրական գնահատական տվել այդ գրագողությանը:
Ինչպե՞ս է ԲՈՒՀ-ի 036 խորհուրդը երկու մասնագիտությունների գծով (կենդանաբանություն, էկոլոգիա) շնորհել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Ինչպե՞ս է ԲՈՒՀ-ի նախագահությունը կարճ ժամանակամիջոցում ոչ միայն հաստատել 036 խորհրդի որոշումը, այլեւ շնորհել պրոֆեսորի կոչում եւ միանգամից նշանակել 036 գիտական խորհրդի անդամ:
Վերջապես, ինչպե՞ս է ՀՀ ԿԳ նախարարությունը հանդուրժում գիտության համակարգում տիրող նշված աննախադեպ անարխիան, ամենաթողությունը, անպատժելիությունը եւ կոռուպցիոն մեծ ռիսկերը:
Պարոն նախագահ, ուզում եմ նաեւ հավատալ Ձեր նախընտրական այն խոստմանը, որ կոռուպցիան վերացնելու համար կիրառվելու է վիրահատական եղանակ, սակայն տեսնելով, որ ԲՈՀ-ի նախագահ է նշանակվել Արտյուշա Ղուկասյանը, ես կորցնում եմ հավատս ու ասում, որ կոռուպցիան վերին էշելոններում ծաղկում է ապրելու: Ահա թե ինչու մինչ օրս ՀՀ ԿԳ նախարարությունը գնահատական չի տվել այդ խայտառակություններին:
Բերված փաստերից ելնելով պահանջում եմ`
1. Գնահատական տալ այդ խայտառակություններին եւ պատժել մեղավորներին:
2. ԲՈՒՀ-ը որպես հիմնական գործառույթը տապալած, պետական բյուջեն անտեղի վատնող կառույց ենթարկել լուծարման:
Լ.Մելքումյան,
Պրոֆ. կենս. գիտ, դոկտոր