Էռնա Պետրոսյանը՝ ՛՛Կենգուրու՛՛-ի կրկնակի մրցանակակիր
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել են “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները: Նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով մրցույթի հաղթողներին, նշել է, որ մրցույթին այս տարի մասնակցել է մոտ 1000 դպրոց: “Ուզում եմ հատուկ շեշտել, որ օլիմպիական շարժումը նոր իմաստ և կարևորություն է ստանում մեր երկրում, և այդ համակարգում իր նշանակալի տեղն ու դերն ունի “Կենգուրուն”: Այս միջազգային մրցույթը, որը չորրորդ անգամ է անցկացվում մեր երկրում, մաթեմատիկական միջազգային շարժում է, որը նպատակ ունի երեխաների շրջանում արթնացնել հետաքրքրություն մաթեմատիկա առարկայի նկատմամբ”,- նշել է Մանուկ Մկրտչյանը:
Այս տարի Հայաստանի և Արցախի դպրոցներից “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է շուրջ 36 հազար դպրոցական: Նրանցից 1201-ը դարձել են մրցանակակիր, այդ թվում 456-ի արդյունքները դիտարկվել են “լավ”:
Հայաստանում “Կենգուրու-2012”-ի հաղթողներն այս տարի հինգն են. Աննա Վարդանյանը` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի, Սերյոժա Դանիելյանը՝ Շիրակի մարզի Գյումրու “Պրոգրես” համալսարանական հենակետային դպրոց-վարժարանի աշակերտ, Տիգրան Կարախանյանը՝ Լոռու մարզի Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ, Եվա Հունանյանը՝ Կոտայքի մարզի Պտղնիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի և Էռնա Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի:
Հաղթողները` որպես մրցանակ, ստացել են արժեքավոր նվերներ։ Նրանցից մեկը՝ Էռնա Պետրոսյանը, ով երկրորդ անգամ է դառնում “Կենգուրուի” հաղթող, որպես գլխավոր մրցանակակիր կմեկնի Ֆրանսիա՝ հանգստանալու միջազգային մանկական ճամբարում։
Հայաստանում “Կենգուրու” մրցույթի կազմակերպիչ “Այբ” կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը նշել է, որ մրցույթի անցկացման չափանիշները խստացվել են: Մրցույթի անցկացման կոնոններում թերությունների արձանագրելու հետևանքով 9 դպրոց 1 տարով զրկվել է “Կենգուրուին” մասնակցելու իրավունքից:
“Կենգուրուն” տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 50 երկրում՝ մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ։ Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարաննների բոլոր աշակերտները՝ անկախ մաթեմատիկական ոււնակությունից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է, Henaran.am-ին տեղեկացնում են ՛՛ Կենգուրու՛՛ ծրագրի ղեկավարները: