Դերենիկ Դումանյանն իր ծրագրերն առաջիկա հնգամյակի համար կկազմի /վիդեո/
Մեր ժողովուրդը պետք է չվախենա իր եւ իր հարազատների հիվանդությունից, նա պետք է վստահ լինի, որ անկախ ամեն ինչից՝ իրեն կցուցաբերվի առաջին եւ անհրաժեշտ բուժօգնություն: Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանն իր առջեւ դրված ամենագլխավոր խնդիրն այսպես ձեւակերպեց.
“Ես պետք է հասնեմ դրան, բոլոր աշխատանքներն ուղղված են լինելու դրան, չեմ կարող ասել, թե մեկ տարում դա կլինի, երկու տարում, բայց վերջնական նպատակը դա է լինելու: Պետք է անեմ այնպես, որ յուրաքանչյուր մարդ ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն ու դա լինի մատչելի”,-կառավարության անդրանիկ նիստից հետո նախարարի պաշտոնում իր առաջին ճեպազրույցում ասաց Դերենիկ Դումանյանը։
Նախարարի խոսքով, պետք է այնպես անել, որ քաղաքացին եւ բժիշկը ֆինանսական փոխհարաբերությւոնների մեջ չմտնեն: Սա, ըստ նրա, պետք է արվի ապահովագրությանմիջոցով: “Այժմ կզարգացնենք կամավոր բժշկական ապահովագրությունը, որից հետո արդեն առաջիկա տարիներին կանցնենք պարտադիր ապահովագրության”,-նշեց Դերենիկ Դումանյանը:
Նա հավաստիացրեց նաեւ, որ խիստ վերահսկողության տակ կառնվի դեղորայքի ոլորտը:
Դերենիկ Դումանյանը, ով ինչպես ինքն էր ասել, բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում իրեն լավ էր զգում, հույս ունի, որ նախարարի պաշտոնում էլ այդպես կլինի: Դումանյանը նշեց նաեւ, որ նախկին նախարար Հարություն Քուշկյանը ոլորտի լավագույն մասնագետներից է, եւ ինքը կշարունակի վրեջինիս կիսատ թողած գործը: Դերենիկ դումանյանը շեշտեց, որ իր բոլոր ծրագրերը հիմնված են ՀՀԿ նախընտրական ծրագրերի վրա:
Նորանշանակ նախարարն ասաց նաեւ, որ իր բոլոր ծրագրերը կառուցելու է առաջիկա 5 տարիների համար: