15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը մեկ վայրկյան անգամ չի վարանելու զոհաբերել

Փաշինյանն իր վրայից մաքրում է Արցախի կորստի և ՀՀ անկախության վտանգման իր մեղավորությունը։ Այս մասին գրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական զարմանահրաշ հայտարարությունն է արել, ասելով.
«Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որեւէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչեւ նրա լուծման պահին հնարավոր չլինի նաեւ լուծել ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց։ Եվ 1998, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։

Ինչպես տեսնում ենք` Հայաստանի գործող ղեկավարը, որը
• Տապալել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները 2018-2020 թվականներին.
• Ներքաշել է մեզ Ադրբեջանի հետ անհավասար 44-օրվա պատերազմի մեջ եւ այդ պատերազմում կատարաելապես ձախողել Հայաստանի ռազմական ջանքի կառավարումը.
• Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի կազմում եւ դրա հետեւանքով, ըստ էության, հրավիրել Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտումը ցեղասպանության ակնհայտ տարրերով.
• 2020 թվականի 44-օրվա պատերազմից հետո` սկզբից առանց մարտի հանձնել է բազմաթիվ դիրքեր, այնուհետեւ տապալել սահմաններում դիրքերի ֆորտիֆիկացիաների կառուցումը եւ նպաստել 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ դիրքերի գրավմանը.
• Հանուն Ադրբեջանի հետ խաղաղության ստորագրմանը զոհաբերել է Արցախը, բայց, միեւնույն է, այդ խաղաղությունը չի ստացել, ինչով, իսկապես, հարցի տակ է դրել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը.
ահա, այդ ղեկավարը անամոթաբար հայտարարում է, որ Արցախը մենք կորցրել էինք, իսկ Հայաստանի գոյությունն եւ անկախությունը հարցականի տակ էր դրվել 1996 թվականից ի վեր:
Իրականում`
• 1996 թվականին Հայաստանն այնքան ուժեղ էր, որ հակառակվելով աշխարհի մեծերին, այդ թվում ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, միայնակ վետո էր դրել ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ ցանկալի կարգավորման տարբերակի նկատմամբ, դրա համար չվճարելով որեւէ դիվանագիտական գին: Միայն այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը այդ ժամանակ գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում:
• Շնորհիվ այդ վետոյի եւ Հայաստանի այն սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշմանը, որ Հայաստանը անընդունելի էր համարում որեւէ լուծում, որը կսահմաներ Արցախը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանն, ի վերջո հասավ նրան, որ 1997 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահներ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան հակամարտող կողմերին ներկայացրեցին կարգավորման փուլային տարբերակը, որը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ իրավահավասար կարգավիճակով պետք է ստորագրեր նաեւ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում, լուծումը չէր նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության որեւէ հիշատակում:
• Աշխարհը, ըստ էության, ընդունել էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ղարաբացը կապող տարածքների վրա հայկական վերհսկողությունը, պահանջելով միայն որ Ադրբեջանին հետ վերդարձվեն Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքները:
• Նման մի փաստաթուղթ դրված էր համանախագահների կողմից նաեւ Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019-2020 թվականներին, սակայն նա կտրականապես մերժեց անգամ այդ փաստաթղթի քննարկումը, ներքաշելով մեզ կործանարար պատերազմի մեջ:
Համադրելով այս բոլոր փաստերը, նորից գալիս ենք արդեն վաղուց ամրապնդված մի եզրակացությանը: Նիկոլ Փաշինյանը այսուհետեւ զբաղված է միայն մեկ գործով`իր վրայից մաքրել Արցախի կորստի եւ Հայաստանի անկախության վտանգման համար իր մեղավորությունը եւ պատասխանատվությունը: Եթե դրա համար պետք է կեղծել պատմական ճշմարտությունը, Նիկոլ Փաշինյանը մեկ վայրկյան անգամ չի վարանելու, որովհետեւ սեփական փրկության համար նա պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք, այդ թվում` նախորդ սերունդների հերոսական հաղթանակաները:»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ