22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապօրինի ընդերքօգտագործմամբ Արաքս գետի հունը փոխվել է, օգտակար հանածոների կորուստ է տեղի ունեցել

2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում, իրականացված չափագրման արդյունքում արձանագրված՝ ՍՊ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են նշված ՍՊ ընկերության տնօրենի կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու դեպքերի բոլոր հանգամանքները։

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը, 2020թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ․ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է 2012թ․ տրամադրված, ապա՝ 2014թ․ փոփոխությունների ենթարկված թույլտվությամբ նախատեսված կոորդինատներից և դուրս եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։

Լուսառատ գյուղի տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, տեխնիկաների օգտագործման միջոցով, ընկերության կողմից արդյունահանվել է ընդհանուրը՝ 2748մ3 ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝ վճարման ենթակա 146.156 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 716,1մ3 ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։

Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ Հիշյալ գործողությունները հանգեցրել են նաև հողի որակի վատթարացման, մեծածավալ չափերի ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների կորստի, որն առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացումը, ինչպես նաև խախտվել է Արաքս գետի հունը:

Բացի այդ, ընկերության տնօրենի վերոնշյալ գործողությունների հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել համայնքային սեփականության՝ 1379մ2 մակերեսով ջրային ֆոնդի և 11953մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Արդյունքում՝ 13332մ2 մակերեսով հողային ռեսուրսներին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։

Միևնույն ժամանակ, ՍՊ ընկերության տնօրենը, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չի վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով և 381-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 6․500․000 ՀՀ դրամի չափով, վերականգնվել է։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ