22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախի մարդակերպ կոթողները

Արցախի մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են: Դրանք ուղղանկյունատեսք, տափակ երկայնական սալեր են, որոնց ծավալային և քանդակային մշակումներով մարդատեսքություն է տրված: Նրանց հորինվածքի հիմնական առանցքը մարդու մարմինն է, և մնացած բաղադրիչները պատկերագրորեն և իմաստաբանորեն արժևորվում են նրա հանդեպ ունեցած կապի արդյունքում: Այս սալերը երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, որը զբաղեցնում է ամբողջ կոթողի 1/3-ից մի փոքր քիչ ծավալ, իրանը և ներքնամասը:
Կոթողներն ունեն մոտավորապես 30-60 սմ լայնություն, 120-140 սմ, երբեմն էլ մինչև 2 մ բարձրություն, մոտ 20 սմ հաստություն։ Հայտնի բոլոր կոթողները պատրաստված են կրաքարից:
Այս տարածքները խորհրդային տարիներին հայտնի պատճառներով բավարար չափով չի ուսումնասիրվել: Եղած հետազոտություններն էլ ակնհայտորեն քաղաքականացված են: Սա վերաբերվում է նաև մարդակերպ կոթողներին, որոնք ադրբեջանական որոշ հետազոտողներ ներկայացնել են որպես աղվանական` փորձելով դրանց տարածվածությունը հատկապես Արցախում դիտել որպես աղվանական էթնոմշակութային սուբստրատի առկայություն: Ուստի այդ հուշարձնների հետազոտությունը, նրանց հստակ ժամանակագրության և էթնոմշակութային պատկանելության խնդիրների քննությունը ներկայացնում է ոչ միայն գիտական հետաքրքրություն, այլև հնարավորություն է տալիս մերժել ադրբեջանական զեղծարարությունները:
Կոթողները թեև առանձին օրինակներով հայտնի են դարձել դեռ անցած դարի 60-ական թվականներին, սակայն նրանց տեխնիկական, պատկերագրական, իմաստաբանական քննությունը, նրանց ժամանակագրությունը և հնարավոր էթնոպատկան խնդիրները մնում էին չմանրամասնված, հաճախ էլ` ուղղակի չլուծված: Արցախի ազատագրական պատերազմի արդյունքում նոր հնարավորություններ ստեղծվեցին նաև տարածաշրջանի հնագույն պատմության և մշակույթի հետազոտության համար: Մարդակերպ կոթողների ֆիզիկական մատչելիությունն այն էական իրողությունն ու հանգամանքն էին, որոնք հնարավորություն ստեղծեցին իրականացնել դրանց մանրամասն նկարագրությունը, չափագրումը, լուսանկարումը, ինչպես նաև պատմամշակութային միջավայրի հետազոտությունը:
Վերջին տարիներին երբեմն, իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո առավել հաճախ, ադրբեջանցի որոշ հետազոտողներ քննադատում են ոչ թե կոթողների հետազոտությանը վերաբերող մոտեցումներն ու մտքերը, այլ առհասարակ դրանք հետազոտելու և վերջիններիս շրջակայքում պեղումներ անելու փաստը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, նրանք անգամ դիմել են Ադրբեջանի դատախազություն, որպեսզի ի թիվս Արցախում վերջին շուրջ երեք տասնամյակում աշխատած հնագետների քրեական գործ հարուցվի նաև Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում այս կոթողների շրջակայքում պեղումներ իրականացնողների դեմ[1]։ Հարկ ենք համարում նշել, որ Արցախում այս կոթողների հետազոտությունների և պեղումների ժամանակ պահպանվել են Արցախի բոլոր օրենքները, պեղումներն իրականացվել են տեղի իշխանությունների հրավերով, իսկ ստացված արդյունքները մշակվել են մեթոդաբանական բոլոր սկզբունքները պահելով։ Ադրբեջանցի հետազոտողների նման ապակառուցողական պահվածքը հուշում է, որ կոթողների հետազոտությունը նրանց համար գիտական հետաքրքրություն չի ներկայացնում և նրանց համար առավել կարևոր են քաղաքական անպատեհ մոտեցումները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո կոթողների մեծ մասը մնացել է Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, նրանց հետագա ճակատագիրը խնդրահարույց վիճակում է գտնվում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ