22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր հիմնավորումներ՝ նոր հարթակի կենսական անհրաժեշտության մասին

Վերականգնել մեր պատմությունը

Մեր պատմությունը 2018-ին ընդհատվել է։ Մինչև 2018 –ը պատմություն էր՝ հակասական, հաջողություններով և ձախողումներով, 2018-ից սկսած՝ դա պատմություն չէ, աղետ է, իր՝ դեռևս չպարզված տեխնոլոգիաներով՝ դավադրության, հիմարության, դավաճանության, արկածախնդրության կամ այլ։
Խիստ կիրառական նպատակով է պետք է տարբերակել պատմությունը և աղետը, ու նոր հարթակը՝ որպես նոր իշխանության և նոր վերնախավերի պոտենցիալ էմբրիոն, շատ կարևոր է հենց հայ ժողովրդի պատմությունը, պատմական ընթացքը վերականգնելու համար։ Պուտին-Ալիև, Բլինկեն, Մակրոն, Շ. Միշել և այլն խոսում են մեր աղետի և սեփական հնարավոր օգուտների մասին։ Այստեղ չկա մեր պատմությունը։ Սեփական աղետում սեփական շահ չի լինում, աղետում չեն լինում ռազմավարական դաշնակից ու ռազմավարական շահեր։ Մեր խնդիրն է՝ վերականգնել մեր պատմությունը, որը լինելու է բարդ, ցավոտ, երկար ժամանակ մեր առաջ դրվող համեստ խնդիրներով, բայց՝ որը չի լինելու աղետ ու ունենալու է զարգացման տրամաբանություն։

Վերագտնել մեզ

Մենք ունենք հանրային շերտեր՝ գրագետ, կիրթ, որ իրենց երեխաներին տվել են լավ կրթություն, ունեն գենետիկա, ազգային մտածողություն, արժանապատվություն, քաղաքակիրթ աշխարհի մաս են։

Իսկ մյուս կողմից մենք գտնվում ենք ազգային փլուզման և ազգային դեգրադացիայի չդադարող պրոցեսում։ Ու այստեղ առանց վարանելու պետք է ասել, որ Նիկոլը միակ մեղավորը չէ, որովհետև Արցախը հանձնելուց հետո պետական համակարգից չեղավ գոնե մեկ հրաժարական, նրան շարունակում են դիմել «մեծարգո»-ով, և երկրում մոլեգնում է անարժանապատվության և անտարբերության մթնոլորտը, որը խիստ էպիզոդիկ ընդմիջվում է պարտադրված սգով։

Մենք, հայրենիքի ամեն կտորը հանձնելուց ու ծանր զոհեր տալուց հետո, մնում ենք ռեստորանային հասարակություն։

Տասնամյակներ առաջ Վրաստանի թեյի պլանտացիաներ աշխատանքի գնացող հայերի համար առանձնացված էր գնացքի վերջին վագոնը՝ որպես «թերի մարդկանց», սպիտակ հասարակությունից առանձնացված սոցիալական շերտի, ու գնացքավարը դրա մասին բարձրաձայն հայտարարում էր։

Հիմա մենք մեզ համար պետք է ճշտենք՝ մենք ո՞վ ենք։ Կարողանալո՞ւ է կրթված, ազգային-առաջադիմական շերտը վերցնել պետականության ղեկը և այդ տիպի հասարակություն ստանալ, թե՞ ոչ։

Երևանի ընտրությունները շատ խորքային դեգրադացիայի վկայությունն են, ուղղակի զուգահեռ ընթացող Արցախի ողբերգությունը ստվերեց այն։ Ի վերջո փաստ է, որ մեր հասարակության մի զգալի հատված ունի նոր հոգևոր հայր, նոր Նարեկացի, որն ապրում է օվկիանոսից այն կողմ ու կարող է նշանակել Երևանի քաղաքապետ, և ՀՀ պաշտոնական իշխանությունը պարտք է նրան։

Նոր հարթակը շատ կարևոր է ազգային բուռն ինդենտիֆիկացիա սկսելու համար։ Եթե մենք կարողացանք վերագտնել մեզ, ապա պետականությունը և մեր պատմությունը ունենալու է ընթացք, եթե՝ ոչ, ապա ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ մասին է մեր պայքարը։

Ես չեմ ուզում մտածել, որ մեր ազգային պոտենցիալը սա է, բայց եթե ուզում ենք, որ այդպես չլինի, պետք է աշխատել։

Փոփոխությունների լայն պլատֆորմ

Փլուզումն այն ծավալի է ու այնպիսի խորության, որ մոնոթեմատիկ լոզունգներով իրավիճակի փոփոխություն հնարավոր չէ։ Նոր հարթակը պետք է կարողանա ձևավորել փոփոխությունների նոր, լայն պլատֆորմ, որը կներառի շատ ոլորտներ ու շատ հարցեր՝ ներքին հաշտությունից, համակեցության նոր կանոններից, անօրինական հարստությունները երկրի զարգացման վերադարձնելու խնդրից մինչև անվտանգություն, Արցախ, ոլորտային ռեֆորմներ։

Փոփոխությունների լայն պլատֆորմը պետք է ընդգրկի հայկական աշխարհի առկա մոտիվացված ներուժը, ազդեցիկ հայերին, լավ մասնագետներին, Ժամանակակից աշխարհի մասին գրագետ պատկերացումներ ունեցող դեմքերի՝ հենքում ունենալով Հայաստանը՝ որպես պետություն, և Արցախը՝ որպես չփակված թեմա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ