ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը
“Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Լոս-Կաբոսում նախագահներ Վլադիմի Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Օլանդի կողմից ընդունված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ եռանախագահ երկրների ղեկավարների արդեն չորրորդ հայտարարությունն է, որը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար:
Հայաստանն եռանախագահ երկրների հետ միասնական եւ վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով:
Ինչպես եւ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած Դովիլում 2011-ի մայիսի 26-ի հայտարարության կոչին՝ Ադրբեջանի ապակառուցողական, մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովին:
Հայաստանը հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի Սոչիում ընդունված հայտարարության մեջ, շարունակելու է ջանքերը ուղղված հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքերի համաձայնեցմանը:
Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994-ի մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը եւ զերծ մնալ ռազմատենչ, լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է եւ շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկները՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Վերջին անգամ Ադրբեջանի կողմից դա արվեց մեկ շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու այցելության ժամանակ: Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլեւ կոպտորեն խախտում է հրադադարը եւ շարունակաբար սադրանքներ կազմակերպում:
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները լ՛Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ, կարող եմ ավելացնել նաեւ, Լոս Կաբոսում համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունների հիման վրա՝ հասնելու հիմնախնդրի կարգավորմանը-ասված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ: