16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ընդհանուր պատկերի միայն մի մասն է։ Այս համատեքստում մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք աշխարհագրական առումով ընդլայնելու հստակ մտադրություն, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ադրբեջանի չկամությունն` անկեղծորեն և կառուցողական կերպով ներգրավվել Հայաստանի հետ խաղաղության գործընթացում, ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, սահմանազատել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան և հիմնվելով 1975թ. քարտեզների վրա, միջպետական սահմանի երկայնքով ստեղծել ապառազմականացված գոտի, հստակ պատկերում են նշված մտադրությունները։

Նույն կերպ, Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Որպես ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է ինքնիշխանության, ազգային իրավասության, իրավահավասարության և փոխադարձության հիման վրա տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնության իրագործմամբ։ Հայաստանը հանդիսանում է համալիր և արդար տրանսպորտային հաղորդակցության երկարատև ջատագովը՝ առևտրին, համագործակցությանը և մարդկանց միջև շփումներին նպաստելու նպատակով, մինչդեռ մեր հարևանները շարունակում են երեք տասնամյակ կիրառվող Հայաստանի շրջափակումը, որը իմ երկրի տնտեսական հարկադրանքի լավ կազմակերպված քաղաքականության մի մասն է։ Այսպես կոչված «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը: Նրանց ստեղծած խոսույթը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։ Սա անընդունելի է մեզ համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար»,- ասել է նա:

Միրզոյանի խոսքվ` չնայած բոլոր մարտահրավերներին` Հայաստանը շարունակում է ներգրավվել հարաբերությունների կարգավորման և կայուն խաղաղության հաստատման բանակցություններում և աջակցում է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերին։

«Միջազգային ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, հակամարտության հիմքում ընկած պատճառների, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը, երկարատև խաղաղության հիմքն են։

Հայաստանի ժողովուրդը հաստատակամորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը և հաղթահարելու է իր դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ