26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում՝ «Սուրբ լինի Քո անունը… »

Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը:

Հարգելի ընթերցող, Henaran.am-ը այսուհետ պարբերաբար կներկայացնի հոգևոր հարցերի վերաբերյալ հարցուպատասխաններ: Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ Ավետարանի:

Հայր մեր, որ երկնքում ես,

Սուրբ լինի Քո անունը,

Քո թագավորությունը գա,

Քո կամքը լինի երկրի վրա,

Ինչպես երկնքում է:

Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր,

Եվ ներիր մեր պարտքերը,

Ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին,

Եվ մի տար մեզ փորձության,

Այլ փրկիր մեզ չարից,

Որովհետև Քոնն է թագավորությունը,

Եվ զորությունը,

Եվ փառքը հավիտյանս,

Ամեն:

Ի՞նչ է նշանակում՝  «Սուրբ լինի Քո անունը … »

Աստծո անունը, անշուշտ, սուրբ է ինքնին, բայց մենք նույնպես պետք է այն սուրբ պահենք մեր խոսքերով, արարքներով, վարք ու բարքով:

Ինչպե՞ս է Աստծո անունը սուրբ պահվում:

Աստծո անունը սուրբ է պահվում, երբ Նրա խոսքն ուսուցանվում և կիրառվում է ճշմարտությամբ ու մաքրությամբ: Մենք, որպես Աստծո որդիներ, սրբացնում ենք Աստծո անունը, երբ Աստծո Խոսքին համապատասխան սուրբ կյանք ենք վարում:

Իսկ այն «հավատացյալները» , ովքեր Աստծո Խոսքին հակառակ կյանք են վարում, պղծում են ոչ միայն Աստծո անունը, այլև ստվեր են գցում ճշմարիտ հավատացյալների հեղինակության ու համբավի վրա: Ուստի միշտ պետք է աղոթենք. «Օգնի՛ր մեզ, Երկնային Հայր, որ Քո անունը սուրբ պահենք: Պահի՛ր մեզ չարից ու մեղքի մեջ ընկնելուց, որ միշտ բարձր պահենք Քո անունն ու պատիվը» :

Ինչո՞ւ ենք աղոթում, որ Աստծո անունը սուրբ լինի:

Նրա անունն ինքնին սուրբ է, ինչպես էությունը: Մենք չենք կարող Նրա անունը սուրբ դարձնել, բայց աղոթում ենք, որ Աստված օգնի մեզ՝ Իր անունը սուրբ պահելու մեր կյանքով, խոսքով և գործով:

Սաղմ. 103.1 «Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, և բոլոր իմ ներսը՝ Նրա սուրբ անունը» :

Ինչպե՞ս ենք Աստծո անունը սուրբ պահում:

Ա. Երբ Աստծո խոսքը սովորում, ուսուցանում և կիրառում ենք ճշմարտությամբ ու մաքրությամբ:

Երեմ. 23.28 «Նա, ում մոտ Իմ Խոսքը կա, թող Իմ Խոսքը խոսի ճշմարտությամբ»:

Բ. Երբ ապրում ենք Աստծո Խոսքի համեմատ:

Մատթ. 5.16 «Ձեր լույսը մարդկանց առաջ թող լուսավորի, որ ձեր բարի գործերը տեսնեն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»:

Եփես. 4.1 «Աղաչում եմ… , որ այնպես գնաք, ինչպես վայել է այն կոչումին, որի մեջ կանչվել եք»:

Ինչպե՞ս է Աստծո անունը պղծվում:

Ա. Երբ որևէ մեկը Աստծո խոսքին հակառակ է ուսուցանում:

Երեմ. 23.31 «Ահա Ես այն մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը»,- որ վեր են առնում իրենց լեզուն և պատգամ հրատարակում:

Բ. Երբ որևէ մեկը Աստծո Խոսքին հակառակ կյանք է վարում:

Հռոմ. 2. 23-24 «Դու, որ օրենքով ես պարծենում, օրենքի դեմ գործելով Աստծուն անարգում ես, որովհետև ձեր պատճառով հեթանոսների մեջ Աստծո անունը հայհոյվում է»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ