Այո, սա Ալեն Սիմոնյանի «բեսեդկեն» չի, բայց նաև ձեր «դուքյանը» չի. ԱԺ նախագահը՝ «իր նախկին տեղակալ» Իշխան Սաղաթելյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հովիկ Աղազարյանին և «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանին նախազգուշացում է հայտարարում՝ կապված ԱԺ-ում այսօրվա միջադեպի հետ:
«Սա կազմակերպված սադրանք էր, ես շատ ուրախ եմ, որ մենք այս սադրանքին չտրվեցինք: Օրինակ՝ դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որը դահլիճում գրեթե չի հայտնվում՝ Իշխան Սաղաթելյանը՝ իմ նախկին տեղակալը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ «սա Ալեն Սիմոնյանի բեսեդկեն չի»: Այո՛, սա Ալեն Սիմոնյանի «բեսեդկեն» չի, բայց նաև ձեր «դուքյանը» չի և ձեր հյուրանոցը չի կամ ձեր հիմնարկները չեն, սա ՀՀ ԱԺ-ն է»,-ասաց ԱԺ նախագահը:
Ըստ Սիմոնյանի՝ Իշխան Սաղաթելյանը քաջալերել է Արթուր Սարգսյանին, որ «դուխով» ելույթ ունենա:
«Արթուր Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, որն անելու իրավունքը ինքը, ըստ իս, չունի: Ելույթ ունենալու տեղը ամբիոնն է: Իսկ եթե ուզում է մեկի աչքերին նայել, ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է: Հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան Հովիկ Աղազարյանի վրա և պաշտպանել Արթուր Սարգսյանին: Դրանից հետո իրենք հասկանալով, որ ՔՊ-ի պատգամավորները որևէ կերպ չեն մտնում այդ սադրանքի մեջ, սկսեցին ինձ կոչ անել՝ պատգամավորներին հանգստացնել: Թերևս, բոլոր տեսանյութերում երևում է, որ Արթուր Սարգսյանին, որը փորձում է մոտենալ Հովիկ Աղազարյանին, առաջինը կանգնեցնում է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շատ նուրբ խնդրելով, որ չշարունակի մոտենալ: Բայց առիթն օգտագործվեց, որ իրենք հիմա դահլիճ չգան: Իսկ ինչո՞ւ դահլիճ չգան, կարո՞ղ եք գուշակել, որովհետև այսօր կառավարության հետ կա հարցուպատասխան և այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշեց Ալեն Սիմոնյանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմությանն առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, որ իրավիճակը լարվի:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց անվտանգության աշխատակիցներին ու խնդրեց՝ համբերատար լինել, չտրվել սադրանքներին: