Ոսկու շուկայի Վաղարշը ջարդել-փշրելու փոխարեն առաջարկում է

«Եկեք բոլորդ տեղավորվեք, հետո ես կնստեմ, էսօր պետք է մտածված տարբերակներ առաջարկենք, որ բողոքի ակցիաների մասնակցելու կարիք չլինի»,- սա ջարդող-փշրող ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի խոսքերն են։
Այսօր՝ փետրվարի 19-ին ոսկու շուկայում «ՓՄՁ համագործակցության ասոցացիա» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում Շրջանառության հարկի փոփոխության առաջարկների մասին։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։
Կառավարության նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի» մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:
Հունվարի 31-ին խորհրդակցություն տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, որտեղ որոշում կայացվեց մինչև հուլիսի 1-ը։
Շուկայի աշխատաողներից առաջինը առաջարկով հանդես եկավ Աբրահամյանը․ «Կա մի տարբերակ, որը ձեռնտու կլինի բոլորին , որ ոսկեգործությունը ընդհանրապես ավելացված արժեքի հարկից ազատվի, միայն հումքը և նյութը դուրս գա գումարից, ինչ որ եկամուտ կմնա հարկվի, ամենաձռնտու տարբերակը սա կլինի»։
Այս տարբերակը ՀԿ-ի ներկայացուցիչները այնքան էլ ռեալ չհամարեցին։ Այնուհետև հնչեցին մի շարք առաջարկներ, որ ոսկու շուկայի աշխատակիցների համար սահմանեն արտոնագրային վճար, կամ լինի 3.5 տոկոս շրջանառություն առանց փաստաթղթավորման, կամ 1 տոկոս առանց փաստաթղթավորման, բայց շեմը լինի 150 միլիոն և այլընտրանքային տարբերակ՝1 տոկոս, կամ 3.5 տոկոս։
Այս տարբերակները դրվեցին քվեարկության․ մեծամասնությունը ընտրեց այլընտրանքային տարբերակը և արտոնագրային վճարը։ Վաղարշ Աբրահամյանի խոսքով ոսկու շուկայի աշխատակիցների համար առաջարկված տարբերակներից ամենալավ տարբերակը արտոնագրային վճարն է։