Եթե ղարաբաղյան հարցի վերաբերյալ խոսողը լիներ Ղարաբաղը, հարցը վաղուց լուծված կլիներ. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցում ՀՀ-ն, իհարկե, աջակցելու է ԼՂ-ին: Ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա հարցի մեկ շահառու, բայց նա քննարկման կողմ չէ: Ուրիշները գնում են, տարբեր տեղերում քննարկում են, որոշում են, հետո գալիս են այդ թիվ մեկ շահառուին կա՛մ տեղյակ են պահում, կա՛մ տեղյակ չեն պահում: Այս իրադրությունը մենք լա՞վ ենք պատկերացնում, խո՞րն ենք գնահատել: Սա ամենամեծ պրոբլեմն է: Մենք ասում ենք, որ ԼՂ ժողովուրդը այս խնդրի թիվ մեկ շահառուն է, ինքը պետք է լինի առաջին խոսողը»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց նաև, որ այս դիրքորոշումը որդեգրել է 2018 թվականին, սակայն դրա իմպլեմենտացիայի հարցում մեծ խնդիրներ են առաջացել. «Ոչ միայն մենք, միջազգային հանրությունն էլ այդ հարցում որոշակի աջակցություն պետք է ցույց տա ԼՂ-ի ժողովորդին, քանի որ նրանք այսօր առերեսվում են հումանիտար ճգնաժամի հետ, որը կարող է դառնալ հումանիտար աղետ, և ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի հետ: Եթե ղարաբաղյան հարցի վերաբերյալ խոսողը լիներ Ղարաբաղը, հարցը վաղուց լուծված կլիներ»: