22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր Հայոց բանակի կազմավորման օրն է

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի կազմավորման օրը: Բանակի կազմավորման 31-ամյակն է։

1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։

Հայկական բանակի կազմավորման գործընթացը թեև սկսվել է 1988-ի փետրվարից՝ արցախյան շարժման առաջին օրերից, բայց պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին:

Դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։ Զինված ուժերի կազմավորումն ու զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ժամանակային փուլերով՝

1-ին փուլ, որը տևել է 1988 թ․-ի փետրվարից 1992 թ․-ի մայիս։ Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժմանակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

2-րդ փուլ, որը տևել է 1992 թ․-ի հունիսից 1994 թ․-ի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։

3-րդ փուլ, որը սկսվել է 1994 թ․-ի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։

1990թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

ՀՀ զինված ուժերը կազմված են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։ Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի, սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կազմազորահավաքային, օպերատիվ, անձմնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական, կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական, ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման, դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ։

ՀՀ զինված ուժերը կազմված են հետևյալ մասնագիտացված զորքերից.

ցամաքային զորքեր,
ռազմաօդային ուժեր,
հակաօդային պաշտպանության զորքեր:
ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետևյալ զորատեսակներից.

մոտոհրաձգային զորքեր,
տանկային զորքեր,
հրթիռային զորքեր և հրետանի,
օդադեսանտային զորքեր,
ինժեներական զորքեր,
կապի զորքեր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ