07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բոյկոտի ուրվականը ԱԺ-ում

Ազգային ժողովի մոնիտորինգով զբաղվող parliamentmonitoring.am կայքը անդրադարձել է Աժ-ում բոյկոտելու ավանդույթին: 

Բոյկոտը հայրենի խորհրդարանում սովորական երևույթ է: Նախադեպը վկայում է, որ ԱԺ նիստերը բոյկոտելու նախաձեռնությամբ առավելապես հանդես է գալիս խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ հույսով, որ դրա արդյունքում կխաթարվի խորհրդարանի բնականոն աշխատանքը: Այդպես վարվեց, օրինակ, «Արդարություն» դաշինքը՝ 2004 թվականին: Այսօրվա Ազգային ժողովում մեծությամբ երկրորդը ԲՀԿ-ն է: Խմբակցությունը պատրաստվում է բոյկոտել առաջիկա քառօրյան, թեպետ սեփական փորձով գիտի, որ նույնիսկ ոչ իշխանական բոլոր խմբակցությունների միասնական բոյկոտից ԱԺ աշխատանքը չի խաթարվելու, Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպի մեղավորները չեն բացահայտվելու: 

Բոյկոտ՝ հայտարարությամբ

Բոյկոտի ուրվականը Ազգային ժողով մուտք գործեց ԲՀԿ-ի հայտարարությամբ, որը կուսակցության քաղխորհուրդը տարածեց ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առեւանգման և ծեծի միջադեպից հետո: Կուսակցությունը բոյկոտի վերջնական որոշում չի ընդունել, պարզապես ԲՀԿ քաղխորհուրդը ԲՀԿ խմբակցությանն առաջարկել է մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչև մեղավորներին պատժելը քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը:

Սա նշանակում է, որ մինչև առաջիկա քառօրյա, այսինքն, մինչև փետրվարի 23-ը ԲՀԿ-ն ժամանակ ունի բոյկոտի հարցում վերջնական որոշում կայացնելու համար, որովհետեւ զուտ տեսականորեն, հնարավոր է, որ մեղավորները հանկարծ ու բացահայտվեն հենց քառօրյայի մեկնարկից 1 օր առաջ՝ ի չիք դարձնելով բոյկոտի նախապես կայացված որոշումը: 

Որ ասում են ԲՀԿ, ՀԱԿ-ն ու “Ժառանգությունն” էլ հետն են 

ԲՀԿ-Ժառանգություն-ՀԱԿ եռյակից միայն ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն է արդեն հայտարարել, որ ինքն անձամբ կողմ է ԱԺ նիստերը բոյկոտելուն: Դրա համար, բացի քաղաքականից, նա նաև անձնական պատճառներ ունի. 2014-ի տարեվերջին բռնություն կիրառվեց նաև նրա նկատմամբ, և եթե, ըստ Արամ Մանուկյանի, քաղաքական ուժերը դիմեին բոյկոտի դեռ այն ժամանակ, չէր լինի նաև Բերձորի բռնության դեպքը:

ՀԱԿ ու “Ժառանգություն” խմբակցություններում, ինչպես ԲՀԿ-ում, վերջնական որոշում բոյկոտի հարցում դեռ չեն կայացրել, բայց ակնհայտ է, որ նրանք միասնական որոշում են ընդունելու՝ լինի այն բոյկոտին կողմ թե դեմ: Նույնիսկ ԲՀԿ-ի նախաձեռնած միջոցառումներին չմասնակցող Զարուհի Փոստանջյանը պատրաստ է միանալ ԱԺ նիստերի բոյկոտին, եթե միայն բոյկոտի պահանջի մեջ ներառված լինեն վերջին շրջանում գրանցված բոլոր բռնության դեպքերը: 

OԵԿ-ը ևս հարցը քննարկելուն կողմ է, բայց սպասում է, որ ԲՀԿ-ն հստակեցնի ձևակերպումները: 

Եռյակից դուրս, ՀՀԿ-ին մոտ

Ոչ իշխանական ուժերից միակը, որն առանց ԲՀԿ-ի վերջնական որոշման կարծես թե արդեն կողմնորոշվել է բոյկոտի հարցում, ՀՅԴ-ն է: Դաշնակցությունը բռնությունը դատապարտում է, բայց չի կարծում, թե ԱԺ մեծաթիվ պատգամավորների անգործությունը կօգնի մեղավորների բացահայտմանը:

ՀՀԿ-ում համոզված են, որ այդ պատգամավորների բոյկոտը ամենևին չի խանգարելու խորհրդարանի գործունեությանը. քվեարկություններ անցկացնելու համար ՀՀԿ-ն կարողանում է ապահովել անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայություն, ավելին, ՀՀԿ-ն ոչ ընդդիմադիրներին հիշեցնում է, որ տարբեր գումարումներում էլ եղել են քաղաքական ուժեր, որոնք բոյկոտել են ԱԺ աշխատանքները, դրանից, սակայն, չեն տուժել ոչ ԱԺ-ի, ոչ էլ խորհրդարանական մեծամասնության գործունեությունը: 

Ավելին, քան բոյկոտ

Մինչև ԱԺ առաջիկա քառօրյա՝ փետրվարի 23-ը, տեղի է ունենալու եռյակի լիդերների՝ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Եթե այդ հանդիպման արդյունքում ընդունվի մի բացառիկ որոշում, ասենք, օրինակ, միասնական ընդվզման ալիք բարձրացնելու մասին, ոչ իշխանական եռյակի բոյկոտը քաղաքական առումով գուցե որևէ նշանակություն ունենա, հակառակ պարագայում դա կլինի մեկը այն հերթական բոյկոտներից, որոնք սահմանափակվում են ընդամենը քվեարկության կոճակ չսեղմելով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ