Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ հնարավորինս միջազգային մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում. Փաշինյան
Ես չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե եթե մինչև հունվարի 10-ը չբացվի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։
«Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու ոչինչ չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց ես կուզենայի, որ ավելի ընդհանրական և խորը հասկանանք տվյալ իրավիճակի համատեքստը։ Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի», – ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ հնարավորինս միջազգային մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում։
Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա։
«Հայտարարության 6-րդ կետում ՀՀ-ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Կարծում ենք, որ այս առումով մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք այս գործընթացում և մեր բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող։
ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը. դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Ճի՛շտ է, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել, բայց փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրությունից հետո», – ասաց Փաշինյանը։