Ասադ Ալամին կփոխարինի Հենրի Քերալը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին: Այս մասին Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ նման համագործակցության եւ Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին հետեւողական աջակցության համար, ընդգծելով հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում մեր երկրին ցուցաբերված օժանդակությունը: Հանրապետության նախագահի խոսքով, այն ավելի ամրապնդեց եւ ընդլայնեց Հայաստանի եւ Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունները: Սերժ Սարգսյանը այդ հարաբերությունների խորացման եւ փոխգործակցության զարգացման գործում բարձր է գնահատել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի անձնական ներդրումը, հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:
Նախագահը շնորհավորել է տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին եւ հույս հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ իրականացվող ծրագրերին, երկրի զարգացման հնարավորություններին ու մարտահրավերներին՝ նոր պաշտոնում նպաստելով ՀԲ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցությանը:
Հենրի Քերալը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը Երեւանում ունի կարող ու լավ թիմ, որի աջակցությամբ կշարունակի զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի տնտեսության առաջնահերթություններին եւ դրանց շրջանակներում ՀԲ-ի հետ առաջիկա համագործակցությանը: