25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցեղասպանություն բերողը: «Խաղաղությունը» գնալով ավելի սպառնալից է դառնում

Դեկտեմբերի 12-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ընթացքում։ Ստորև ներկայացնում ենք ելույթից մի քանի ուշագրավ հատվածներ և դրանց տողատակերում թաքնված մեկնաբանությունը:

«Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ մասնավորապես ԼՂ հայության ներկայացուցիչներն ահազանգ են հնչեցնում պոտենցիալ ցեղասպանության մասին՝ որպես սպառնալիք: Կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք»:

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կարող ենք անել մենք բոլորս, այդ թվում՝ այսպես կոչված միջազգային հանրությունը, որը անհասցե հայտարարություններից և առարկայական հետևանքներ չունեցող քայլերից բացի ոչնչով հանդես չի եկել։ Արցախահայության ցեղասպանության կանխարգելման հիմնական լծակը պատկանում է ՀՀ-ին, այլ ոչ թե միջազգային հանրությանը։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկում դե-ֆակտո իշխանությունները՝ բացի Արցախի պաշտպանությունից ու անվտանգությունից ձեռքերը լվալուց, Արցախը Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների ուղարկելուց, կարգավիճակի հարցը բանակցային օրակարգից դուրս մղելուց և Արցախի անվտանգության՝ այս պահին գլխավոր երաշխիք հանդիսացող ռուս խաղաղապահներին պարբերաբար թիրախավորելուց։

«Թվում էր, թե 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները՝ ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ տեսանք ու շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական»:

44-օրյա պատերազմից հետո Արցախը դարձել է անպաշտպան ու խոցելի առավել քան երբևէ։ Դե-ֆակտո վարչապետը չի մանրամասնում, թե ինչ մեխանիզմներ է ստեղծել կապիտուլյացիոն հայտարարարությունը։ Դրանով ամրագրվեց տարիներ շարունակ Արցախի անվտանգության հիմնասյուն հանդիսացող ՀՀ Զինված ուժերի դուրսբերումը Արցախից՝ որպես երաշխիք թողնելով ռուս խաղաղապահ զորակազմը։ Իսկ դե-ֆակտո խունտայի և Ադրբեջանի կողմից խաղաղապահների համակարգված և ինտենսիվ թիրախավորման և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում, որևէ երաշխիք չկա, որ ժամկետի լրանալուց հետո խաղաղապահների առաքելությունը կերկարաձգվի։ Արդյունքում կունենանք գրեթե լիովին անպաշտպան Արցախ՝ ցեղասպան Ադրբեջանի դեմ։

«Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը՝ նշանակում է 3 տարբեր սցենարներով ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության․․․ Իմ համոզմամբ, ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է ու համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև»։

Հիշեցնենք, որ վերջին 10 օրերի ընթացքում ադրբեջանցի սադրիչները, դիրքավորվելով որպես «բնապահպաններ», երկրորդ անգամ են փակում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ սպառնալով հումանիտար աղետի մատնել 120․000 արցախահայությանը։ Ընդունելով հանդերձ՝ որ սա ցեղասպանական ակտ է, միաժամանակ դե-ֆակտո վարչապետը կոչ է անում Ստեփանակերտին ուղղակի բանակցությունների գնալ և, ինչու ոչ, համագործակցել Բաքվի հետ, որը Արցախի՝ որպես առանձին պետության գոյությունը և այնտեղ ապրելու արցախահայության իրավունքը առհասարակ չի ընդունում։

«Կարծում եմ, որ ամբողջ ծանր իրողություններով հանդերձ՝ մենք պետք է փոխենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը և որակը։ Դա պետք է սկսել ամենապարզ բաներից։ Օր․՝ մեծագույն խնդիր եմ համարում մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և բացառումը։ Եվ հատկապես պաշտոնական մակարդակում։ Բայց ոչ միայն պաշտոնական մակարդակում։ Ատելության խոսք գոյություն ունի առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում։ Օր․՝ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը կարծում եմ, պաշտոնական մակարդակում ասելն է, որ մենք պետք է Հայաստանում դադարեցնենքքաղաքական մրցակիցներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն։ ․․․ Ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ ես դա [իրեն «թուրք» կոչելը-խմբ․] վիրավորանք չեմ ընդունում և ընկալում»։

Որպես Հայաստանի առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքների ու մարտահրավերների լուծում՝ դե-ֆակտո վարչապետը առաջարկում է պայքարը ատելության խոսքի դեմ։ Ինչպե՞ս կարող է «թուրք» բառը որպես վիրավորանք կիրառման բացառումը փոխել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների որակը, երբ հակահայկականությունն ու ատելությունը ընկած են այդ պետությունների հիմքում, ինստիտուցիոնալիզացված են և Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության գլխավոր շարժիչ ուժն են։ Սա կրկին իրական խնդիրը հասցեագրելու և լուծելու փոխարեն այն կեղծ օրակարգով քողարկելու քաղաքականության վառ օրինակն է։ Ինչ վերաբերում է թուրք բառը որպես վիրավորանք չընդունելուն, առնվազն Փաշինյանի  դեպքում սա օրինաչափ է, քանի որ Ադրբեջանում ու Թուրքիայում ևս Փաշինյանին ընկալում են որպես «բարեկամ», որը «լուծում է իրենց ժողովրդի վրեժը»։

«Մենք պետք է հասկանանք՝ մենք այստեղ ենք իրար կողք-կողքի ապրելու համար, թե պարզապես ժամանակ ձգելու համար՝ միմյանց ոչնչացնելու հարմար առիթը հասունացնելու նպատակով»։

Եթե այսքանից հետո դե-ֆակտո վարչապետը նման հարցադրում է անում, կարելի է պնդել, որ սա անմեղսունակության և խաղաղասիրության քողի տակ ցեղասպանությանը նպաստելու քաղաքականություն է։

Հայկական Ալիք

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ