“1915” -ը` բրազիլական բեմից
2015 թվականի ապրիլին բրազիլացի հանդիսատեսը կրկին անգամ առիթ կունենա դիտելու բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի (Arthur Haroyan) կողմից գրված “1915” ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչն է բրազիլացի ռեժիսոր Ռոժերիո Ռիզզարդին (Rogério Rizzardi)։
“GRUPO ARCA” (Տապան) թատերական խմբի այս ներկայացումը հաջողություն է ունեցել դեռ 2012 թվականին, երբ առաջին անգամ լատինաամերիկյան բեմից խոսվեց Հայոց եղեռնի մասին։
Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի բոլորման նախաշեմին Լատինական Ամերիկայի ամենամեծ քաղաքի Սան Պաուլոյի հանտիսատեսը նույնպես կարող է ականատես լինել աշխարհի բոլոր ժողովուրդներին սպառնացող դեռևս անպատիժ մնացած մեծագույն հանցագործության գեղարվեստական բեմադրությունը ամեն չորեքշաբթի և հինգշաբթի ժամը 21:00-ին։
«1915»-ը պատմական, դրամատիկական եւ գեղարվեստական տարրերի հիբրիդ է՝ գրավիչ եւ արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ: Պիեսը դրամատիկ են դարձնում ջարդի ժամանակ Անուշի եւ թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Վանի քաղաքապետի` Անուշի հոր` Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին, իսկ չորս այրիների օրակուլյան կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ եւ ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը: Պիեսի հիմքում նաեւ ընկած են Ցեղասպանությունից փրկված հայերի իրական երկխոսություններ եւ մենախոսություններ, ինչպես նաեւ իրական կերպարներ, որոնցից մեկն է ամերիկյան դիվանագետ Հենրի Մորգենթաուի կերպարը, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: