22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը՝ հնարավորինս չեզոքացնելով այսպես կոչված հայկական հարցը. Արմեն Գևորգյան

Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները, ԵԽԽՎ-ում կայացած «Թուրքիայի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը:
«Այս վեհաժողովում շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Նրանցից ոմանք հույս ունեին, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի արդյունքում Թուրքիան կսկսեր ապրել եվրոպական խաղի կանոններով։ Բայց այդ հեռանկարը, ամենայն հավանականությամբ, հօդս է ցնդել։ Թուրքիան ինքն է մերժել այս ուղին, որպեսզի մուսուլմանական աշխարհի և ավելի լայն տարածաշրջանի առաջնորդ դառնալու սեփական հավակնություններին հասնի առանց որևէ արտաքին պարտավորությունների կամ հանձնառությունների:

Նախկինում եղել եմ հայկական երկու վարչակազմերի անդամ, որոնք փորձել են նոր հարաբերությունների շուրջ բանակցություններ վարել Թուրքիայի հետ։ Նախորդ բոլոր դեպքերում, չնայած միջազգային աջակցությանը կամ ճնշումներին, ինչ-որ պահի Թուրքիան միշտ առաջ է քաշել նախապայմանների լեզուն՝ խարխլելով ողջ գործընթացը։

Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները։ Ոչ էլ երբևէ թաքցրել է իր քաղաքական, ռազմական և այլ աջակցությունն ու հովանավորությունն Ադրբեջանին՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ։ Թուրքիան և նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը, կառուցել տարածաշրջանային անվտանգության և կայունության նոր ճարտարապետություն՝ թյուրքական աշխարհի լիիրավ գերիշխանությամբ և հնարավորինս չեզոքացնելով այսպես կոչված հայկական հարցը։ Միևնույն ժամանակ թուրքական գործոնը նաև Եվրոպական շատ երկրների համար լուրջ ներքաղաքական մարտահրավեր է դարձել։

Այս օրերին մենք ականատես ենք հայ-թուրքական նոր երկխոսության, և պետք է հիշել՝ անարդար խաղաղությունը միշտ երերուն է։ Մտահոգություններ կան, որ նման երկխոսությունը կրկին կդառնա Թուրքիայի գերիշխանության ցուցադրությունը, որտեղ նա կվերափոխի տարածաշրջանը՝ յուրաքանչյուր ազգի համար դերերի իր ընկալմամբ»,-ասել է Գևորգյանը:

Նա հիշեցրել է, որ վերջերս Ստրասբուրգում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս մեկ անգամ պահանջներ է ներկայացրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:

«Նա հակահայկական հռետորաբանության թարմ օրինակ ցույց տվեց՝ կոչ անելով ժողովրդավարական Ֆրանսիայում թուրքական էթնիկ համայնքին ընդդիմանալ ֆրանսահայերին, մարդկանց, ովքեր վերջին 100 տարում միայն մեծարել և էապես նպաստել են ողջ ժողովրդավարական և ազատ Եվրոպայի զարգացմանը։ Ահա թե ինչու եմ ուզում, որ բոլորն իմանան՝ ոչ միայն հայկական սփյուռքում, այլև Հայաստանում մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ վստահել մի հարևանի, ով չի գիտակցում, թե ինչ է արել անցյալում և խելամիտ եզրահանգումներ չի կատարում իր ներկայիս քաղաքականության մեջ, հարևան, որը նախընտրում է էթնոկրոնական տրամադրություններն ու առաջնահերթությունները տարածաշրջանային հարաբերություններում:

Չեմ հավատում, որ մեր կազմակերպությունը կամ եվրոպական արժեքների վրա հիմնված որևէ կազմակերպություն պետք է թույլ տա Թուրքիային սպասարկել իր կարճաժամկետ շահերը՝ զոհաբերելով երկարաժամկետ եվրոպական վստահությունը», – ընդգծել Արմեն Գևորգյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ